05.02.2018 | 
Կրթություն
«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ». ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ը ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ». ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ը ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հոգեսոցիալական ծառայությունը ուռուցքաբանության ոլորտում» խորագրով սեմինար-քննարկումը:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ու Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:

 

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Գևորգյանը փաստեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես միջոցառման նպատակը այս ոլորտում իրազեկվածության ապահովումն է. «Այս տարի ընտրեցինք սեմինար-քննարկման ձևաչափը և այս խորագիրը՝ տեղեկացնելու, թե ինչ դերակատարություն և գործառույթ ունի հոգեբանը քաղցկեղի դեմ բուժման ժամանակ: Կքննարկենք խնդիրներ, որոնք կդիտարկենք և՛ հոգեբանական, և՛ բժշկական տեսանկյուններից՝ փորձելով գտնել փոխհամագործակցության եզրեր»:


Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամ Սուսաննա Ներսիսյանն իր զեկուցման շրջանակում ներկայացրեց դիտարկումներ հոգեսոցիալական ծառայության մասին՝ նշելով, որ քաղցկեղի ի հայտ գալը հանգեցնում է թե՛ հիվանդի, թե՛ նրա հարազատների շրջանում աշխարհայացքային լուրջ փոփոխությունների. «Այդ շրջանում կարևոր է նաև հոգեկան ոլորտի մասնագետների աջակցությունը: Հոգեսոցիալական ծառայությունը՝ համալրված բժշկական օգնությամբ, թույլ կտա խուսափել հոգեկան լուրջ խնդիրներից և կնպաստի արդյունավետ ապաքինմանը»:

 

Ըստ Սուսաննա Ներսիսյանի՝ հոգեուռուցքաբանությունն այն մասնագիտացումն է, որը դիտարկում է հիվանդության հոգեբանական, վարքային և սոցիալական ասպեկտները: Բանախոսը ներկայացրեց նաև մասնագիտության զարգացման պատմությունը, դրա գործունեության տիրույթները, ինչպես նաև միջազգային փորձը:  

 

Սեմինար-քննարկման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ոլորտի այլ մասնագետներ, ովքեր պատասխանեցին նաև ներկաների հարցերին:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ: