11.10.2019 | 
Գիտություն
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է». ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է». ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հոգեկան առողջության միջազգային օր» խորագրով գիտագործնական սեմինար:

Միջոցառմանը ներկա էին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը, Կոլումբիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի հոգեբանության «Meaningfulworld» ծրագրի նախագահ և հիմնադիր, պրոֆեսոր Անի Քալաջյանը, Ֆորդհեմի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարոլդ Թաքուշյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, 1992 թվականից սկսած, հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը:



Ամբիոնի վարիչը նշեց, որ օրվա կարևոր իրադարձություններից է նաև պրոֆեսոր Անի Քալաջյանի «Անմոռուկ» մենագրության շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը. «Այս օրերին մենք տոնում էին Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: ԵՊՀ-ն առանցքային դերակատարում ունեցավ բոլորիս համար և՛որպես քաղաքակրթական միջավայրի ստեղծող, և՛ որպես հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպիչ»:



Կոլումբիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի հոգեբանության «Meaningfulworld» ծրագրի նախագահ և հիմնադիր, պրոֆեսոր Անի Քալաջյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ շատ ուրախ է ԵՊՀ-ում գտնվելու համար: Նա ասաց, որ առողջության կարևորագույն բաղադրիչը հոգեկան առողջությունն է:

«Կարևոր է զարգացնել ոչ միայն միտքը, այլև սիրտը: Այն գիտությունը, որը միայն մտքի մեջ է ներկայանում, գիտություն չէ»,- ասաց բանախոսը:

Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկություն ստացան հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրների, դրանց կանխարգելման միջոցների ու բուժման ձևերի մասին:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց պրոֆեսոր Անի Քալաջյանի «Անմոռուկ» մենագրությունը, որն առաջարկում է յոթ քայլ՝ մարմինը, միտքը, ոգին և հայրենիքը բուժելու համար:



Սեմինարի վերջում ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր հղելու ներկաներին:

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: