28.03.2017 | 
Մշակույթ
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵՑԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵՑԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ մի խումբ համալսարանականներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի հանճարներին:

1961 թ.-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից մարտի 27-ը հռչակվել է որպես Թատրոնի միջազգային օր: Այն նշվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և իսկական տոն է ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլև բոլոր թատերասերների համար:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներին ուղեկցում էր կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Նա այցելության ընթացքում պատմում էր հայ մեծանուն դերասանների կյանքի և ստեղծագործական ուղու մասին, ներկայացնում հետաքրքիր մանրամասներ:

«Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ համաշխարհային կինոյի մեծ դերասանը ժամանակին թատրոնի լավ դերասան է եղել: Այս երևույթը ունի մի պատասխան՝ ամեն ինչի հիմքում թատրոնն է»,- ասում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

 

Արվեստասեր համալսարանականները անսահման հպարտ էին՝ գիտակցելով, որ այն ազգի սերունդն են, որից սերում են նաև հանճարեղ տաղանդով օժտված բազմաթիվ անվանի մտավորականներ և արվեստագետներ:


«Թատրոնը մեծ նշանակություն ունի ինձ համար: Այն ասես հայելի լինի, որտեղ կարողանում եմ վերագտնել ինքս ինձ: Ես ուսումնասիրում եմ անվանի դերասանների աշխատանքները, որպեսզի կարողանամ ճիշտ ներկայանալ հանդիսատեսին, ճիշտ կերպարներ ընտրել և թատրոնին անդավաճան մնալ»,- ասում է «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան Էլեն Բաբաջանյանը:

Անի Միքայելյանն էլ նշում է, որ Թատրոնի միջազգային օրը պանթեոն այցելելը շատ խորհրդանշական է: Երիտասարդները ոչ միայն պետք է հիշեն և գնահատեն հայ բեմի նվիրյալների ահռելի ժառանգությունը, այլև գնան դեպի հինը՝ սովորելու՝ նորը, հետաքրքիրը ստեղծելու ակնկալիքով:


Կոմիտասի անվան պանթեոն այցելած համալսարանականները խոնարհվելուց և պանթեոնում հավերժական հանգիստ գտած մեծերի շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո ասմունքեցին հայ գրականության հայտնի ստեղծագործություններից որոշ հատվածներ: 
                                                                       

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: