01.07.2010 | 
Մշակույթ
«ԵՍ ՇԱՏ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ, ԳԻՏԵ՞Ք»
«ԵՍ ՇԱՏ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ, ԳԻՏԵ՞Ք»
ԵՊՀ-ում նշվեց մեծանուն դերասանուհի Լեյլի Խաչատրյանի ծննդյան 80-ամյակը:

Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լեյլա Խաչատրյանի հետ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը` «ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է» ծրագրի շրջանակներում: «Մենք նրա հետ հաճախ չենք հանդիպել, բայց ամեն մի հանդիպում այնքան դրական պաշար է տվել, որ լիուլի բավարարել է մինչեւ հաջորդ հանդիպումը»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ավելացնում, որ իրենք հանդիպել ու ծանոթացել են ոչ սովորական պայմաններում` հիվանդանոցում:

 

Դերասանուհին համալսարանականների հետ հանդիպման ժամանակ պատմեց նաեւ իր անցած ուղու, իր մարմնավորած բազում դերերի ու կյանքում իրեն հանդիպած տարբեր մարդկանց մասին: Իսկ նրանցից առանձնացրեց Առնո Բաբաջանյանին, ում հետ անձամբ է ծանոթ եղել, եւ ում մասին արտիստուհին առանց արցունքների չէր կարողանում խոսել: Նրա հիշողություններն ու արցունքները «թարմացրին» Մշակույթի կենտրոնի սաների կատարումները. հնչում էին Առնո Բաբաջանյանի երգերը: Երգիչներից մեկը հատուկ տիկին Խաչատրյանի համար կատարեց նաեւ «Լեյլա» երգը:

 

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը նրան ճանաչում է արդեն 45 տարի: «Նա ունիկալ կին է: Եվ ի տարբերություն շատ դերասանուհիների, տեղյակ է երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերին»,- ասում է նա: Լեյլա Խաչատրյանը հանդիպման վերջում, հովհարը մեղմ թափահարելով, փորձեց ամփոփել իր ապրած կյանքը, հիշեց իր խաղացած ամենափոքր էպիզոդիկ, կատակերգական դերերից մինչեւ ամենադրամատիկական դերերը, պատմեց իր երգչուհի դառնալու չիրականացած երազանքի մասին եւ հայտարարեց, որ ինքը բախտավոր է, երջանիկ է, որ ընտրել է այս ուղին: «Ես շատ հուզված եմ այսօր: Դրա մի պատճառը Առնոյի երգերն են, մյուսը այն, որ այսօր ձեզ հետ եմ: Արվեստը ձեզ նման երիտասարդների կարիքն ունի, մի’ անտեսեք թատրոնը»,- ասում է դերասանուհին: Բազմաթիվ շնորհավորանքներից ու ծաղիկներից հետո նա ստացավ եւս մեկ կարեւոր նվեր: Պարոն Սիմոնյանը նրան շնորհեց ԵՊՀ ոսկեզօծ մեդալ:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը: