18.12.2006 | 
Մշակույթ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԱՊԱԳԱ ԲԱՆԱՍԵՐՆԵՐՆ ԵՆ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ  ԱՊԱԳԱ ԲԱՆԱՍԵՐՆԵՐՆ ԵՆ
Դեկտեմբերի 18-ին բանասիրության ֆակուլտետի նոր մասնաշենքի դահլիճում ամփոփվեցին ԵՊՀ երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կազմակերպած գրական մրցույթին մասնակցում էին ուսանողներ ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից: ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած ժյուրիի կազմը շուրջ 50 արձակ եւ չափածո ստեղծագործություններից ընտրել էր 6-ը:

«Այն փաստը միայն, որ ներկայացված աշխատանքներից կարելի է առանձնացնել 6-8 ստեղծագործություն, որտեղ երեւում է հեղինակի գրելու ձիրքը, կարծում եմ, արդեն իսկ խիստ ոգեւորիչ է»,- ասաց ժյուրիի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս Վազգեն Սաֆարյանը:

Ժյուրիի որոշմամբ 1-ից 3-րդ կարգի մրցանակներ ստացան երկուական ուսանող: Ու թեպետ մրցանակակիրների շարքում տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներ էին, առաջին կարգի երկու մրցանակներն էլ բաժին հասան բանասիրության ֆակուլտետի ուսանողներին` Անի-Հակոբ Նաիրյանին եւ Աշոտ Գաբրիելյանին:

«Ես մտովի նորից տեղափոխվեցի 40 տարի սրանից առաջ, այն աշխույժ ու կրքոտ ժամանակահատվածը, երբ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ովքեր այսօրվա գրականության ներկայացուցիչներն ու կրողներն են, անում էին իրենց առաջին քայլերը: Համալսարանը մի որոշ ժամանակ, կարծես, նիրհում էր: Վստահ եմ որ այս մրցույթով ԵՊՀ-ն հաղթահարեց իր նիրհը եւ սա մի նոր մեկնարկ է»,- ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

Հաղթողները` որպես մրցանակ ստացան պատվոգրեր եւ գրքեր` այդ թվում «Մուտք» երիտասարդական մատենաշարը, որտեղ, Լ. Անանյանի հավաստմամբ, կընդգրկվեն մրցույթին մասնակցած լավագույն աշխատանքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը տեղեկացրեց, որ շուտով կսկսի գործել ԵՊՀ երիտասարդ ստեղծագործողների ակումբ, որը կղեկավարի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Մխիթարյանը:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: