«Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվելու են «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացած ուսանողների անունները: Մրցույթի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն, գիտական և ստեղծագործական ներուժ ունեցող ուսանողներին:
«Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվում է Հայաստանի ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:
Հիշեցնենք, որ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքերի բաժինը, իսկ մշակութային մասինը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն է:
Հետաքրքիր է
1939 թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918 թ.-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի, ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:
Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների` նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես Ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: