01.03.2018 | 
Ուսանողական
«ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՎ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ». ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԸ ՄԵԾ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
«ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՎ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ». ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԸ ՄԵԾ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
Յուրաքանչյուր տարի՝ մարտի 20-ին, ի նշանավորումն 1970 թ.-ի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի՝ տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Հայաստանը՝ որպես ֆրանկոֆոն երկրների շարքին դասվող երկիր, անմասն չի մնում աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող միջոցառումներից:

Այս տարի Հայաստանի ֆրանկոֆոնների համար առանձնակի տոն է լինելու. Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովի միաձայն որոշման համաձայն՝ 2018 թ.-ի  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում: 

 

Ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մի մասը կազմող ակտիվ համալսարանականների՝ ի դեմս Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարգարիտա Ավդալյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբ:

 

Երիտասարդ ակումբի նպատակների, ծրագրերի և արդեն իսկ գրանցած հաղթանակների մասին ակումբի նախագահ Մարգարիտա Ավդալյանի հետ զրուցել է լրագրող Վարդուհի Զաքարյանը:

 

- Ինչպե՞ս է ծնվել ակումբ ստեղծելու գաղափարը, և ի՞նչ նպատակներ այն ունի:

 

- Ակումբը ստեղծվել է 2017 թ.-ի հոկտեմբերին իմ և համակուրսեցիներիս նախաձեռնությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ու քաղաքական դարավոր և ամուր կապեր կան: Մենք համարվում ենք ֆրանկոֆոն երկիր, և մեզ համար բավականին ոգևորիչ է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովն անցկացնելու փաստը: Իսկ Մայր բուհն ավելի քան 30 տարվա համագործակցության պատմություն ունի ֆրանսիական համալսարանների հետ, և մենք՝ երիտասարդներս, պետք է գործնական մակարդակով ակտիվացնենք այդ կապերը: ԵՊՀ-ում, բացի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողներից, շատ համալսարանականներ կան, ովքեր փայլուն տիրապետում են լեզվին և ֆրանսիական մշակույթի կրողներ են: Ուստի մեր հիմնական նպատակն է համախմբել համալսարանական ֆրանկոֆոն երիտասարդներին՝ առաջիկայում և ընդհանրապես հետագայում էլ տարբեր ուղղվածության ծրագրեր իրականացնելու, միջոցառումներին ակտիվ մասնակցելու և, իհարկե, ֆրանսերենի ու մշակութային մյուս արժեքների տարածումը խթանելու համար: Ներկայումս ակումբն ունի 15 ղեկավար մարմին, սակայն աշխատանքներին մասնակցում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 50-ից ավելի համալսարանականներ: Վստահ եմ, որ ֆրանկոֆոն երկրի համալսարանում պետք է լինի ուսանողական մի կառույց, որը կմիավորի բոլոր ուսանողներին՝ նրանց ուսանողական տարիներն ավելի հագեցած, հետաքրքիր ու հեռանկարային նախաձեռնություններով լի դարձնելու համար: Մենք և մեր ակումբի յուրաքանչյուր անդամ բողոքելու և դժգոհելու փոխարեն ակտիվ ու համարձակ քայլում ենք առաջ՝ մեր ձեռքերով կերտելով ապագան, ինչը խորհուրդ ենք տալիս բոլոր երիտասարդներին:

 

 

-Ներկայումս ի՞նչ ծրագրեր են իրականացվում, և ի՞նչ նախաձեռնություններ են սպասվում առաջիկայում:

 

-Միաժամանակ մի քանի ծրագրեր ենք իրականացնում: Ակումբի անդամների համար արդեն իսկ կազմակերպել ենք ֆրանսերենի անվճար դասընթացներ: Նախատեսված էր, որ դասընթացներին 20 ուսանող պետք է մասնակցեին, սակայն մեր ֆեյսբուքյան էջին 150-ից ավելի մասնակցության հայտ ստացանք, որոնցից ստիպված եղանք ընտրել տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող 35 ուսանողներ: Վստահ ենք, որ մայիսին արդեն շոշափելի արդյունքներ կունենանք: ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի հետ կազմակերպում ենք միջբուհական խաղ-մրցույթ Ֆրանսիայի, ֆրանկոֆոնիայի և ֆրանկոֆոն երկրների մասին ամենաշատ գիտելիք ունեցողների համար: Նախատեսում ենք նաև առաջիկայում Ֆրանսիական բաժնի ուսանողների համար կազմակերպել գիտաժողով, որտեղ մասնակիցները զեկուցումներ կներկայացնեն ֆրանկոֆոն որևէ երկրի մասին: Օրեր առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից առաջարկ եմ ստացել մասնակցելու Լիոնի քաղաքապետի խոհարարի կազմակերպած միջոցառմանը: Հրավերն ընդունել եմ, անպայման մասնակցելու եմ՝ նոր կապեր ստեղծելու և նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար: Մասնավորապես ծրագրում ենք ԵՊՀ-ում անցկացնել ֆրանսիական խոհանոցի օր, որի ընթացքում ուսանողները կպատրաստեն ֆրանսիական ուտեստներ և կպատմեն խոհանոցի մասին: Նախատեսում ենք նաև հանդիպումներ կազմակերպել քաղաքական, հասարակական և մշակութային ֆրանսախոս գործիչների հետ: Ծրագրերը շատ են ու բազմաբնույթ: Մենք՝ երիտասարդներս, քաջ գիտակցում ենք, որ հիմնական մասնագիտությունից բացի՝ լեզուների, մասնավորապես անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը թույլ է տալիս միջազգային աշխատաշուկայում պահանջված մասնագետ դառնալ: Այսօր աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս։ Չնայած ներկայումս ֆրանսերենը փոքր-ինչ իր տեղը զիջում է անգլերենին, բայց շարունակում է մնալ աշխարհի ամենակիրառելի լեզուներից մեկը: 30-ից ավելի երկրներում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Ես ինքս մեկ կիսամյակ ուսանել եմ Էքս ան Պրովանս էքս քաղաքի ԷՔս-Մարսելի համալսարանում և զգացել եմ՝ ինչ յուրահատուկ վերաբերմունք ու հետաքրքրություն կա ֆրանկոֆոն երկրների, առավել ևս Հայաստանի հանդեպ: Այդ փաստը մոտիվացնող է և ոգևորող:

Այլ նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ». ԹԱՏՐՈՆԻ ՕՐ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր թատրոնի միջֆակուլտետային մրցույթ։