22.12.2017 | 
Հասարակություն
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԵՊՀ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԵՊՀ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ
Դեկտեմբերի 21-ին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ՝ 80-ամյա հոբելյանի առթիվ հայ անվանի բեմադրիչ, թատերական գործիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրին և որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, մեծ արվեստագետ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից:

 

«Սիրելի՛ մաեստրո, Դուք արվեստի երկնակամարում մեծ հետք թողած անվանի արվեստագետներից մեկն եք:  Երևանի պետական համալսարանի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից շնորհավորում ենք Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Դուք նշանակալի մասնակցություն ունեք հայոց մշակույթի լուսավոր էջերի կերտման գործում: Ձեր կենսագրությունն ինքնին մի դպրոց է թատրոնն ուսումնասիրողի համար: Ձեր աշխատանքներով սերմանում եք բարձր ճաշակ, իսկ ստեղծագործական ներուժը նվիրված է ազգային մշակույթի զարգացմանն ու ճանաչմանը»,- նշեց Արամ Սիմոնյանը և ոսկե հուշամեդալը հանձնեց հյուրին՝ մաղթելով ամուր առողջություն ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

 

Ռեկտորն անվանի թատերագետին նվիրեց նաև իր հեղինակած «Զանգեզուրի գոյամարտը» աշխատությունը, որը լույս է ընծայվել վերջերս:

 

Շնորհավորական խոսքեր ասացին նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը:

 

«Մեծարգո՛ պրոֆեսոր, ժամանակին Դուք մեզ՝ տակավին երիտասարդներիս, ասացիք, որ հայ թատրոնը 2000-ից ավելի տարվա պատմություն ունի, սակայն ամբողջ ծանրությունն ընկած է մի քանի մեծերի ուսերին, ինչպես մի քանի սյուներ պահում են Զվարթնոցի տաճարը: Այսօր թույլ տվեք ասել, որ դուք հենց այն անհատներից եք, այն սյուներից մեկը, որի ուսերին է պահվում հայ արվեստի ու թատրոնի բեռը»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

 

Համալսարանականներն երախտապարտության և մեծարման խոսքեր ուղղեցին ոչ միայն մեծ արվեստագետին, այլև նրա կնոջը՝ բոլորի կողմից սիրված դերասանուհի Գալյա Նովենցին:

 

«Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ոսկե հուշամեդալն ինձ համար բարձր պարգև է ու մեծ պատիվ: Միշտ աշխատում եմ աննկատ մնալ, սակայն հաճելի է, երբ գնահատվում ես: Շոյված եմ ու շնորհակալ բոլորին»,- հուզված ասաց Երվանդ Ղազանչյանը:

 

Հյուրը նշեց նաև, որ իրեն ինչ-որ առումով համալսարանական է զգում, քանի որ դեռևս 57 տարի առաջ Սև շենքում ղեկավարել է թատերական խմբակ և բեմադրել Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները», որի դերակատարներից են եղել ԵՊՀ հրատարակչության նախկին տնօրեն Պերճ Ստեփանյանը և Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:

Այլ նորություններ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը:
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ». ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հաղթանակի կամավորականները» խորագրով ծրագրի ներկայացումը: