25.06.2022 | 
Կրթություն, Գիտություն
«YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
 «YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
«YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը մեծ նվաճում է ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնի բացման շրջանակում կազմակերպվեց նաև «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի հմուտ մասնագետներ։

Երևանի պետական համալսարանը շարունակում է քայլել ժամանակին համընթաց, ապահովել որակյալ կրթություն և իր կարևորագույն ներդրումն ունենալ կրթության ու գիտության զարգացման գործում։ Ասվածի վկայությունն է «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

 

ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց համալսարանականներին ու գործընկերներին և հույս հայտնեց, որ նորաբաց լաբորատորիան կդառնա ոչ միայն ուսանողների սիրելի վայրերից մեկը, այլև դասախոսների։ Կարևորելով մասնավոր և կրթական հաստատությունների համագործակցությունը՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ ողջունելի է «Krisp» ընկերության մուտքը բուհ, և որ կրթությունն ու գիտությունն են նորարարությունների հիմքը:     

     

 

«ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն է, որ ստեղծեց արհեստական բանականության լաբորատորիա, և դա պատահական չէ։ Ես կարծում եմ, որ մեր հետևողական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ունենալու ենք բավականին արդյունավետ գործող համակարգ»,- իր խոսքում ասաց Հ․ Հովհաննիսյանը։

 

 

«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նույնպես կարևորեց բուհ-գործատու համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված համագործակցության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում կհիմնադրվեն «Krisp»-ի նման տասնյակ ընկերություններ։

 

 

Ա․ Մինասյանը, խոսելով արհեստական բանականության ոլորտի զարգացմանը և «Krisp»-ի առավել արդյունավետ գործունեությանը միտված իրենց նպատակներից, ասաց, որ դրանց իրագործումը հնարավոր է ԵՊՀ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Անդրադառնալով լաբորատորիայի գործնական նշանակությանը՝ Ա․ Մինասյանը նշեց, որ այնտեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ․ ուսանողները կպաշտպանեն իրենց մագիստրոսական թեզերը, ասպիրանտները՝ թեկնածուական աշխատանքները։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասաց, որ համալսարանականները, արժևորելով ստացած կրթությունը, մշտապես վերադառնում են ԵՊՀ։

 

«Ես վստահ եմ, որ մեր շրջանավարտները կհամալրեն համալսարանի դասախոսական կազմի շարքերը և իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայի առաջատար ընկերություններում»,- ասաց Կ․ Թռչունյանը։

 

 

«AI Conf Armenia 2022»-ի նպատակն էր ներկայացնել մեքենայական ուսուցման ինժեներների և գիտնականների գրանցած հաջողությունների օրինակները, ուղղորդել՝ ինչ և ինչպես սովորել՝ ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել առկա մասնագիտությունների առանձնահատկություններին և պահանջներին։

 

 

Կոնֆերանսը մեկ տեղում էր հավաքել ոլորտի լավագույն մասնագետների, ովքեր սեփական փորձի հիման վրա ներկայացրին ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ զեկուցումներ: Զեկուցումներին հաջորդեցին պանելային քննարկումներ, որոնք ծավալվեցին ներկայացված թեմաների շուրջ:

 

 

«YSU-Krisp AI Lab»-ի բացման արարողությանը և «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին ներկա էին նաև ԲՈԿ նախագահ, ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ և հրավիրյալ այլ անձինք։

 

 

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանը և «Krisp» ընկերությունը նախորդ տարի կնքել էին «YSU-Krisp AI Lab»-ի ստեղծման հուշագիր։

 

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ: