23.12.2015 | 
Հասարակություն
ԵՊՀ 95-ԱՄՅԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ 95-ԱՄՅԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ հրատարակչության 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին վերջին 2 տարիներին հրատարակած գրքերը:

Երկու հարյուրից ավելի անուն գրքերի ցուցահանդեսում առանձին ցուցադրված էին նաև Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր, որոնք հրատարակվել են վերջին 3 տարիների ընթացքում:

 

Ցուցահանդես այցելեցին ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամները, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ու ստորաբաժանումների ղեկավարներ և ուրիշներ:  

 

«Գործունեության 95 տարիների ընթացքում հրատարակչությունը հրատարակել է մոտ 2500 հեղինակի ավելի քան 5500 անուն գիրք և շուրջ 1 մլն էջ գիտական նյութ: 1920 թ-ին տպագրված առաջին գիրքը եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» դասագիրքը»,- հպարտությամբ նշում է հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

 

Այս տարի հրատարակչությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպված միջազգային ֆորումի ժամանակ կայացած գրքերի ցուցահանդեսին, ինչպես նաև սեպտեմբերի 24-ից 26-ը կազմակերպված «ArmBook Expo» գրքի միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 50 երկրների 100-ավոր հրատարակչություններ, և ներկայացված էր վերջին 3 տարիներին լույս տեսած՝ բացառապես Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն: Ի դեպ, Հայաստանում այդ թեմայով ամենաշատ գրքերը (34 անուն) հրատարակել էր ԵՊՀ-ն (ԵՊՀ հրատարակչությանը հաջորդում էին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Զանգակ 97» հրատարակչությունը՝ համապատասխանաբար 18 և 14-ական անուն գրքերով):

 

 

 

Այս տարի ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառներին: Ֆրանկֆուրտում կայացած գրքի տոնավաճառին, որն աշխարհում ամենամեծն է, ներկայացված էր 27 անուն գիրք Հայաստանի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին:

 

Հավելենք, որ այս տարի գործարկվել է հրատարակչության նոր կայքը՝ http://publishing.ysu.am/, որում տեղադրվում են նոր լույս տեսած, շուտով լույս տեսնող գրքերը, ինչպես նաև թարմացվում են նախկին տարիներին լույս տեսած գրքերը:

 

Այս տարի ևս հրատարակվել է նոր լույս տեսած գրքերի կատալոգը, ֆակուլտետներում կազմակերպվել են դրանց շնորհանդեսները:

 

«Անցնող տարում ընդլայնվել է համագործակցությունը Եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի հետ, լիիրավ անդամության համար պաշտոնապես ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Շարունակել ենք նաև հրատարակված գրքերի թվանշայնացման, ինչպես նաև Android, iOS օպերացիոն համակարգերի և Kindle-ի համար նախատեսված էլեկտրոնային գրքերի ստեղծման աշխատանքները»,- նշում է պարոն Գրիգորյանը:

 

Պատկերասրահ՝ ԵՊՀ հրատարակած գրքերի ցուցահանդես

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: