27.03.2014 | 
Մշակույթ
ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԱՆԹԵՈՆ
ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԱՆԹԵՈՆ
Մարտի 27-ին աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը:

Այդ կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կենտրոնի տարբեր խմբերի սաներն այցելեցին ՀՀ գրականության և արվեստի թանգարան, որից հետո Կոմիտասի անվան պանթեոնում համալսարանականները հարգանքի տուրք մատուցեցին հայ բեմի հանճարներին:

 

«Թատրոն ասելով չպետք է հասկանալ միայն կառույցը, քանի որ այն կարող է գոյություն ունենալ և առանց շենքի: Թատրոնը մի այնպիսի արվեստ է, որն իր մեջ միաժամանակ ներառում է նաև այլ արվեստներ` գրականություն, երաժշտություն, նկարչություն»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

ՀՀ  գրականության և արվեստի թանգարանը միակն է Հայաստանում, որն ունի թատրոնին և կինոյին նվիրված բաժիններ: Այստեղ տարանջատված են տարբեր սրահներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է արվեստի մի բնագավառ՝ գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն: Ուսանողները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին բոլոր նմուշները, իսկ Կարինե Դավթյանը ներկայացնում էր դրանց հետ կապված հետաքրքիր մանրամասներ:

 

 «Վաղուց էի ուզում Վահրամ Փափազյանի հագուստները տեսնել, ուրախ եմ, որ երազանքս իրականություն դարձավ: Հատկապես շատ եմ տպավորված դերասանի ձայնագրություններով»,- իր հույզերն արտահայտեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանույշ Դադյանը:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենը չի ընդունում «ամենասիրելի դերասան» արտահայտությունը. «Արվեստագետներին չի կարելի դասակարգել: Նրանք մեծություններ են, որոնցից յուրաքանչյուրը միայն իրեն հատուկ ոճով ասելիք ունի մյուսներին»:

 

Այնուհետև արվեստասերների խումբը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ դրեց «անմահների» տապանաքարերին, ինչպես նաև հայ գրականության մեծերի ստեղծագործություններից կարդացին: 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: