06.11.2014 | 
Քաղաքականություն
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ «SAMSUNG»-Ն Է
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ «SAMSUNG»-Ն Է
ԵՊՀ-ում բացվել է «Samsung»-ի կրթական կենտրոն, որտեղ տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրավորման դասընթացներ:

Հատուկ վերազինված լսարանը գործելու է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում և օգտագործվելու է նաև կենտրոնի կարիքների համար: Լսարանի բացման և ժապավենը կտրելու գործը վերապահված էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և «Samsung» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգչուլ Լիին:

 

Մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային  սարքավորումներով՝ էլ. գրատախտակ, նոութբուքեր, պլանշետներ (շարժական շուրջ 45 անհատական սարք):

 

Լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված «Համակարգչից օգտվելու հմտություններ» և «Android ծրագրավորման ներածություն» դասընթացներ մշակելու և իրականացնելու համար: Ծրագրերում կներգրավվեն նաև ավագ դպրոցների աշակերտները:

 

«ՏՏ ոլորտն այսօր տալիս է անսպառ հնարավորություններ ստեղծելու ժամանակակից կրթական միջավայր: Բուհական համակարգում, բնականաբար Մայր բուհում պետք է բացվեր այսպիսի լսարան, որպեսզի ուսանողի կրթությունը դառնա նաև հետաքրքիր ու ավելի արդյունավետ: Ունենք նաև ապագայի ծրագրեր: Մեր խնդիրն է այստեղ ունենալ նաև հետազոտությունների և զարգացման գիտական կենտրոն, որը կարող է աշխատել «Samsung»-ի մասնակցությամբ և աջակցությամբ»,- նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Հենց նույն լսարանում էլ արտասահմանյան հյուրերին ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Շուքուրյանը ներկայացրեց այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են իրենց կենտրոնում, խոսեց նաև գերմանական Ռոստոկի համալսարանի հետ իրականացվող համատեղ մագիստրոսական ծրագրի մասին:

 

Այնուհետև հյուրերը տեղափոխվեցին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ, որտեղ «Samsung Electronics Rus Company» ՍՊԸ-ի և Մայր բուհի միջև կնքվեց հուշագիր: Այն ենթադրում է զարգացում կրթության, գիտության, նորարարությունների, ինչպես նաև ՏՏ հիմունքների և ծրագրավորման գծով լրացուցիչ կրթության ոլորտներում:

 

«Այս տարի համալսարանը նշում է իր 95-ամյակը: Նրա շրջանավարտները մեծ համարում ունեն ամբողջ աշխարհում և աշխատում են բոլոր բնագավառների թե՛ տեղական, թե՛ միջազգային առաջատար կազմակերպություններում: ՏՏ և ծրագրավորման հիմունքների ամրապնդմանն ուղղված այս ծրագրի մեկնարկը՝ «Samsung» տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման դպրոցը, որը հիմնված է «Samsung. խելացի դպրոց» կոնցեպտի վրա, ևս մեկ քայլ է այս մեծ նպատակին հասնելու համար»,- նշեց «Samsung» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգչուլ Լին:

 

Ինչպես հավելեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, պլանշետներն ու նոութբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով, իսկ ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս հետևելու ուսանողների ակտիվությանը, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը՝ այն ցուցադրելով յուրաքանչյուր ուսանողի պլանշետի կամ նոութբուքի վրա:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: