01.10.2020 | 
Հասարակություն
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
«Zoom» հարթակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի առաջարկով գիտական խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին մարտի դաշտում և խաղաղ բնակչության շրջանում զոհված զինվորների ու քաղաքացիների հիշատակը:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրեց համալսարանի մասնակցությունն Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում՝ փաստելով, որ ԵՊՀ-ն միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին և հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել 20 մլն. դրամ։

 

Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է ԵՊՀ կամավորականների դասակ, որը մեկնել է Արցախ՝ իր հետ տանելով մեծ թվով սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ: Բացի դրանից՝ այս պահին էլ համալսարանում ուսանողությունը և աշխատակիցները նախաձեռնել են նպատակային իրերի հավաքագրում:

 

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ ավտոմեքենաները ՀՀ ՊՆ-ի տրամադրության տակ են: Նա փաստեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է իր հանրակացարանը և Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազան տրամադրել կացարանի կարիք ունեցող անձանց. «Այս գործում մենք մենակ չենք լինի: Սննդի ծախսերը կվճարվեն»:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին, նրանց ընտանիքներին, զոհվածների հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով առնչվել և առնչվում են այս աղետին։

 

Նա հայտնեց նաև, որ ԵՊՀ-ն խնդրել է գործընկերներին դիմել իրենց երկրների ազգային կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ բազմաթիվ համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ այս օրերին դիմել են իրեն՝ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար և առաջարկեց օրակարգում ներառել որոշումը հաստատելու հարցը:

 

Առաջարկն ընդունելուց հետո ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն որոշեց զրկել Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտխորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, որն ընդունվեց միաձայն:

 

Այնուհետև գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահներ Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը ներկայացրին դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:

 

Գիտխորհրդի անդամներն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեցին մրցութային հանձնաժողովի նախագահների կողմից ներկայացված դոցենտի գիտական կոչումներ շնորհելու 5 հայցերը:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը՝ նշելով, որ անվանական կրթաթոշակի հավակնում է 57 ուսանող: Գիտխորհուրդն առցանց քվեարկությամբ հաստատեց ներկայացված ցուցակը:

 

Որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ հանձնաժողովը նիստ է անցկացրել և քննարկել մագիստրոսական ու բակալավրիատի կրթական  նոր ծրագրեր, որոնք ներկայացվել են 3 ֆակուլտետներից: Նրա տեղեկացմամբ, Սոցիոլոգիայի ֆակուլտետը ներկայացրել է «Հասարակայնության հետ կապեր», Կենսաբանության ֆակուլտետը՝ «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրիատի ծրագրերը, իսկ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը՝ «Թարգմանություն զբոսաշրջային տիրույթում» մագիստրոսական ծրագիրը:

 

Էմիլ Գևորգյանը փաստեց, որ ներկայացված մագիստրոսական կրթական նոր ծրագրերն անցել են կրթական ծրագրի հաստատման ընթացակարգի բոլոր փուլերը և ստացել դրական եզրակացություն: Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված ծրագրերը:

 

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը գիտխորհրդի անդամներին զեկուցեց 2020-2021 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների մասին՝ ասելով, որ այս տարի ԵՊՀ բակալավրիատ է ընդունվել 2687, իսկ մագիստրատուրա՝ 968 ուսանող:

 

Օրակարգային վերջին հարցի շրջանակում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը հաղորդեց ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիթորինգի արդյունքների մասին՝ նշելով, որ բոլոր ստորաբաժանումներում մոնիթորինգի գործընթացն իրականացվել է դրույթներին համապատասխան, արդյունքները գնահատվել են հավաստի: Նրա խոսքով, կրթական ծրագրերի հետագա իրականացումը երաշխավորվել է:

 

Արմեն Բուդաղյանը նշեց նաև, որ արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են ուսանողների կողմից և վերաբերում են մագիստրոսական թեզին, կրթական ծրագրի/դասընթացների բովանդակությանը և իրականացման ձևին, բակալավրի ու մագիստրոսի ԿԾ-ների բովանդակային հարաբերակցությանը և այլն:

 

Նրա տեղեկացմամբ, բացի դրանից՝ կրթական ծրագրերի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ արվել են համապատասխան վերլուծություններ և եզրահանգումներ:

 

Օրակարգային հարցերի շրջանակում գիտխորհուրդը որոշեց երաշխավորել Երվանդ Օտյանի և Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակներին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանի նյութերի ժողովածուն (խմբագիր՝ պրոֆեսոր Սամվել Մուրադյան) հրատարակության, «Հայ նոր գրականության պատմություն», «Հնագույն Իրանի պատմություն (Էլամ, Մարաստան)» և «Русский язык (для отделений французкого языка вузов Армении) աշխատանքները երաշխավորել հրատարակության և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ-ին:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։