22.03.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և  շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: 

 

ԵՊՀ-ից պետական մրցանակների են արժանացել՝ հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանը «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորյա աշխատության համար, իսկ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

 

Հրաչիկ Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրության և շուրջ 400 գիտական հոդվածների։ Նրա մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում և Ճապոնիայում։ Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009, 2010, 2013)։ Կիլիկիայի հայերի 1909 թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012 թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012)։ 1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում, 1999-2003 թթ. եղել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը, 2004 թ-ից նույն ամբիոնի պրոֆեսոր է: Ղեկավարել է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը։

 

Սամվել Շուքուրյանը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավարն է։ Շուքուրյանի հետազոտությունների բնագավառում են եղել հաշվողական համակարգերի ճարտարապետությունը, էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորումը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելները։ 2000 թ-ից Virage Logic Corp.-ի ներդրված հիշողության սարքերի թեստավորման և վերանորոգման ծրագրի տնօրենն է:

 

Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: