19.12.2017 | 
Քաղաքականություն
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԾԱՎԱԼՎԻ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈԻՄ
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԾԱՎԱԼՎԻ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈԻՄ
Այսօր ԵՊՀ-ի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ)» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում հյուրընկալել էր ՀՀ գյուղնախարարության (ԳՆ) «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Միրզոյանին, ով Մայր բուհ էր այցելել փոխգործակցության կոնկրետ առաջարկով:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, դեկանի տեղակալ Արմեն Մարտիրյանը, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը և որակի մենեջեր Ծովինար Ադամյանը։

 

«Ոլորտը բավականին կարևոր է և պատասխանատու, ուստի մենք պատրաստակամ ենք համագործակցելու պետական և մասնավոր կառույցների հետ ժամանակի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման գործում»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ կրթության ու գիտության զարգացմանը ծառայող համատեղ գործունեությունը, անկասկած, երկուստեք փոխշահավետ է:

 

ԵՊՀ ռեկտորն ընդգծեց նաև, որ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը, ցավոք, բավականին ցածր մակարդակի վրա է, ուստի նմանաբնույթ հուշագրերի ստորագրումն ու հետևողական իրականացումը շատ է կարևորվում ԵՊՀ ղեկավարության կողմից:

 

Հուշագրով նախատեսվում է համագործակցություն ծավալել ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների և ՊՈԱԿ-ի միջև՝ իրականացնելով ուսումնական ու գիտահետազոտական մի շարք ծրագրեր ու նախագծեր սննդի անվտանգության, սննդի քիմիայի, քիմիայի և կենսաբանության ոլորտներում մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ուղղությամբ:

 

«Մենք նույնպես կարևորում ենք ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը: Պատրաստակամ ենք ֆակուլտետի մասնագետների վերապատրաստման և երիտասարդ կադրերի պատրաստման, ուսումնագիտական ծրագրերի իրագործման, պրակտիկայի կազմակերպման և հետագայում էլ աշխատանքների տեղավորման գործում ներդնելու մեր լուման»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Միրզոյանը և ավելացրեց, որ ներկայումս էլ ՊՈԱԿ-ը քիմիայի մասնագետների պահանջարկ ունի:

 

Տարիել Ղոչիկյանն էլ հավելեց, որ կառույցների միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն կա, քանի որ ՊՈԱԿ-ի որակի մենեջեր Ծովինար Ադամյանը, ով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտ է, մասնակցում է ֆակուլտետի ուսումնական ծրագրերի մշակման գործընթացին, ինչպես նաև դասավանդում հարազատ ֆակուլտետում:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: