12.04.2019 | 
Քաղաքականություն
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը  նշեց, որ մամուլում վերջերս հրապարակվել է հանձնաժողովի և իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, որը ոչ միայն խեղաթյուրում է փաստերը և չի համապատասխանում իրականությանը, այլև կասկածի տակ է դնում հանձնաժողովի ինքնուրույնությունը: Նա նշեց, որ նույնիսկ տեղեկատվությունը հերքելն անիմաստ է համարել:

 

Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հանձնաժողովի՝ դեկանների հաշվետվողականության բարձրացման և կատարողականը գնահատելու չափորոշիչներ ներդնելու որոշումը ինստիտուցիոնալ բարեփոխում է, որը չի կարելի անձնավորված գործընթաց դիտարկել: Նա փաստեց, որ չափորոշիչները որևէ մեկի կարողություններին չեն համապատասխանեցվելու, և որևէ մեկն իրավասու չէ և չի կարող կարգադրություններ անել կամ ուղղորդել հանձնաժողովին. «Հանձնաժողովը որոշումներ կայացնելիս պետք է լինի ինքնուրույն, օբյեկտիվ և չառաջնորդվի նեղ խմբային կամ անհատական շահերով»:

 

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համապատասխան գրությամբ դիմել են ԿԳՆ-ին, և այժմ այն պատրաստում է առաջարկներ՝ կապված կրթության զարգացման ուղենիշների հետ: Բացի դրանից՝  նա տեղեկացրեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հետ քննարկվում է «Ասիական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի հետ կապված հարցը, որը կարող է ենթադրել նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն՝ միտված նշված ուղղության զարգացմանը, հետևաբար օրենքով և ԵՊՀ կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելու կարիք կառաջանա:
 

Նա նշեց, որ շատ առաջարկություններ են ստացվում, որոնք փորձում են զտել. «Շատ լավ է, որ ակտիվությունը մեծ է, բայց կան առաջարկություններ, որոնք զուտ ֆակուլտետների կամ ամբիոնների ինքնուրույն  կարգավորման հարցեր են, և իմաստ չունեն հանձնաժողովի քննարկման նյութ դառնալու»:

 

Վահե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ հանձնաժողովի սահմանած չափորոշիչները և ընդունած որոշումները ներկայացվելու են իրավասու մարմնի հաստատմանը, որից հետո դրանք ստանալու են իրավական ուժ և դառնալու են պարտադիր կիրառման ենթակա:

 

 

Նիստի ընթացքում քննարկվեցին Քաղաքացիական պաշտպանության ամբիոնին առնչվող հավաքագրված խնդիրները: Մասնավորապես՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը նշեց, որ դասընթացի կազմակերպման կարգը, գնահատման համակարգը, բացակայությունների վերաբերյալ մոտեցումները վերջին տարիներին փոփոխությունների են ենթարկվել, բայց այսօր էլ կան խնդիրներ և դժգոհություններ:

 

Ամբիոնի դասախոս Սուսաննա Շահինյանն ասաց, որ դժգոհություններն առկա են նաև դասախոսական կազմի շրջանում. «Մեր դասընթացն այժմ անցնում են առաջին կուրսի առաջին կիսամյակում, ինչի պատճառով ուսանողների մի մասն օբյեկտիվ պատճառներով բաց է թողնում պարապմունքները: Նրանք բանակից զորացրվածներն են, այլ բուհերից տեղափոխվածները և այլն»:

 

Նրա հավաստմամբ, խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ բանակից զորացրված ուսանողները վերականգնվում են երկրորդ կիսամյակում և ստիպված են լինում հանձնել տարբերություն՝ առանց դասերին հաճախելու: Սուսաննա Շահինյանն առաջարկեց դասընթացը կազմակերպել երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ առավելագույնս նվազեցնելով ռիսկերը:

 

Քննարկում ծավալվեց մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների չափաբաժնի վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ կրեդիտատարության առումով ամբողջ կրթական ծրագրի 20 %-ը կազմում են ոչ մասնագիտական առարկաները. «Մի կողմից՝ պետությունն օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանում է պարտադիր առարկաներ, մյուս կողմից՝ ֆակուլտետներում պնդում են այս կամ այն առարկայի կարևորության մասին»:

 

Առաջարկությամբ հանդես եկավ Արշալույս Գալստյանը՝ նշելով, որ պետք է վերանայել նաև մագիստրատուրայում դասընթացի կազմակերպման կարգը՝ բացառելով համակարգչային դասընթացի և օտար լեզվի ուսուցման պարտադիր բաղադրիչը:

 

ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին  Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի ներկայացրած խնդիրները, որոնցից մեկը վերաբերում էր հեռավար դասընթացների սակավությանը:

 

Վահե Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ Կրթության և գիտության նախարարության կողմից պատրաստվող նախագծում նախատեսված է հեռակա ուսուցման համակարգի վերափոխում:
 

Ներկայացրած խնդիրների ցանկում էր նաև գնումների կազմակերպման անարդյունավետությունն ինչպես ժամանակի, այնպես էլ որակի տեսանկյունից, որին համակարծիք էին հանձնաժողովի բոլոր անդամները:

 

Նիստի ավարտին՝ տարբեր խնդիրների և առաջարկների քննարկման վերջում, Վահե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է ակտիվացվեն նիստերից դուրս տարվող աշխատանքները, իսկ նիստերի ժամանակ արձանագրվեն այդ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև սահմանվեն վերջնաժամկետներ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ի ԵՎ ՍԱՏՄ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 94 ավագ դպրոցի աշակերտները: