17.09.2021 | 
Հասարակություն
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, երկօրյա այցով Արցախում է, որի ընթացքում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ։

ԵՊՀ պատվիրակության անդամները, որի կազմում են նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Արցախ այցելության առաջին օրն այցելեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված պուրակ, որտեղ նոր ծառեր տնկեցին։

 

Համալսարանականների կողմից ծառատունկն արդեն կայացած ավանդույթ է, որը սկիզբ է դրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Հենց նրա աջակցությամբ և շնորհիվ համալսարանականներն արցախյան այդ տարածաշրջանում արդեն տասը հազար ծառ են տնկել: Համալսարանականների կարծիքով, այժմ նույնպես ձևավորված ավանդույթները պետք է շարունակվեն, որ Արցախն ապրի։

 

 

Ինչպես ամեն ծառատունկի ժամանակ, այս անգամ ևս Գուրգեն Մելիքյանն այն օրհնեց Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով: ԵՊՀ պատվիրակությունն Արցախում գտնվելու առաջին օրն այցելեց նաև Արցախի պետական համալսարան, որտեղ հանդիպեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։

 

Հանդիպման ընթացքում համալսարանականները ծանոթացան ԱրՊՀ-ի գործունեությանը, կառուցվածքին, ապա համատեղ քննարկեցին երկկողմ համագործակցության ուղիներն ու զարգացման հեռանկարները։ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց, որ Մայր բուհը պատրաստ է աջակցել ու տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Արցախին։

 

 

Վաղը՝ արցախյան այցի երկրորդ օրը, ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպելու է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, այնուհետև համալսարանականները մասնակցելու են Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ կառուցվող տան հիմնարկեքի արարողությանը, որի կառուցումը ֆինանսավորվում է ԵՊՀ-ի կողմից «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: