05.11.2015 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ
ԵՊՀ պատվիրակությունն այս օրերին Լիբանանում է՝ տեղի հայ համայնքին ծանոթանալու ու գործնական կապեր հաստատելու համար:

Ինը հոգուց կազմված պատվիրակության այցի նպատակը լիբանանահայ կառույցների հետ համագործակցություն հաստատելը, փոխգործակցության նոր ուղղություններ գտնելը, հայ աշակերտներին հայրենիքում կրթություն ստանալու հնարավորությունների մասին պատմելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հրատարակությունները ներկայացնելն է:

 

Պատվիրակության կազմում, որը ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ընդգրկված են ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ինստիտուտի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ:

 

Այցի հենց առաջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, համալսարանականներն այցելեցին Բիքֆայայի դպրեվանք, որտեղ «Նախամաշտոցյան Հայաստանի դպրությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը: Իսկ հաջորդ օրը նրանց հյուրընկալեցին Զմմառի դպրեվանքում: Այնճարում էլ ծավալուն դասախոսություն ներկայացրեց նույն ֆակուլտետի դասախոս Գեղամ Բադալյանը:

 

 

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ջանքերով  տեղի ունեցավ հանդիպում լիբանանահայ վարժարանների տնօրենների, համայնքի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ազգային առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Տեմիրճյանը. «Մենք ակնկալում ենք, որ այս և հետագա հանդիպումները գործնական կլինեն, կողմերի միջև համագործակցությունը կդառնա մնայուն և տեսականից կանցնի գործնականի:

 

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էլ խոսեց այցի նպատակների մասին: Վերջինս ներկայացրեց ԵՊՀ-ի կողմից արտաքին համագործակցության ուղղությամբ մինչ այժմ կատարված քայլերը, Սփյուռքի տարբեր հայկական համայնքների հետ գործնական կապերը, ինչպես նաև «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերում սփյուռքահայ ուսանողներին ներգրավելու խնդիրը:

 

 

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ խոսեց 1920 թ.-ից մինչ այսօր ԵՊՀ-ում ծավալված հրատարակչական գործունեության մասին, որի արդյունքում  հրատարակվել է շուրջ 5500 գիրք: Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ համագործակցությանն անդրադառնալիս Կարեն Գրիգորյանը հաստատեց, որ երկու կողմերի միջև պետք է համաձայնագիր կնքվի, որպեսզի ավելի առարկայական դառնա համագործակցությունը, որը ենթադրում է Երևանում և Լիբանանում կրթական տարբեր ծրագրերի իրականացում, հայագիտական ուղղվածությամբ կրթական, գիտական, ակադեմիական համատեղ հրատարակությունների, էլեկտրոնային գրքերի ստեղծում, տարածում և այլն:

 

Նոյեմբերի 4-ին էլ տեղի է ունեցել համալսարանականների հանդիպումը Հայ կաթողիկե համալսարանականների միության ներկայացուցիչների հետ:Նույն օրը լիբանանահայ մեծ լսարանի առջև «Քրդական քաղաքական կառույցների դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան հարցում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

 

 

Այս օրերին պատվիրակության անդամներից 3-ը` Գեղամ Բադալյանը, Արտակ Մովսիսյանը և Մհեր Հովհաննիսյանը, այցելում են հայկական դպրոցներ, լսում հայոց պատմության դասերը, մեթոդական և մասնագիտական ցուցումներ են տալիս ուսուցիչներին: Այդ ամենի նպատակը մեկն է. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ստանձնել է տեղի դպրոցների համար Հայոց պատմության դասագիրք գրելու գործը: Դպրոցներ կատարած այցերը կօգնեն ավելի լավ հասկանալ դասագրքին ներկայացվող պահանջները: Պատվիրակության երեք այլ անդամներ էլ, ովքեր ուսանել են «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» ծրագրերով, այդ դպրոցներում դասեր են անցկացնում Հայոց ցեղասպանության թեմայով:

 

Նշենք, որ այցի օրակարգում մեծ տեղ է հատկացված տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքին: Պատվիրակության անդամներն արդեն հյուրընկալվել են «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի խմբագրություններում, «Վանա ձայն» ռադիոկայանում և բարձրացրել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք հրատապ են թե՛ Հայաստանի, թե՛ լիբանանահայ համայնքի համար:

 

Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Հայկազյան համալսարանի ուսանողների, տարբեր վարժարանների ուսուցիչների հետ և այլն: Նախատեսվում է նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ հրատարակած գրքերը: Այնուհետև ԵՊՀ հրատարակչության և Լիբանանի «Վահե Սեթյան» հրատարակչատան միջև կկնքվի համագործակցության հուշագիր: Այցի վերջին օրը «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում կցուցադրվի ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը:

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: