15.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնին մասնագիտական գրքեր նվիրելու և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու նպատակով:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հ. Թաբաթաբայիին, ասաց, որ իրանագիտության վերաբերյալ գրականությունը ֆակուլտետի համար ամենացանկալի և սպասված նվերն է; Դեկանն ընդգծեց, որ մասնագիտական գրքերը կիրառելի կլինեն և՛ գիտական, և՛ կրթական բնագավառներում. դրանք կօգնեն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին իրենց գիտական ուսումնասիրությունները կատարելիս, ինչպես նաև կնպաստեն ուսանողների՝ մասնագիտական առավել խոր գիտելիքների ձեռքբերմանը:

 

 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկկողմ համագործակցության շրջանակում մշտապես կազմակերպվում են մշակութային և գիտական միջոցառումներ, որոնց թվում՝ գիտական սեմինարներ և համաժողովներ, ինչպես նաև շեշտեց, որ ԻԻՀ մշակույթի կենտրոնը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին պարբերաբար նվիրում է մասնագիտական գրքեր:

 

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնը Իրանի ակադեմիական տարբեր հաստատությունների հետ ունի գործակցային կապեր, որոնց շրջանակում Իրանում Գրքի և ուսանողության տոնի կապակցությամբ իրանական  մշակութային և գիտական տարբեր կազմակերպությունների անունից Հ. Թաբաթաբային մեր ամբիոնին նվիրեց պարսկերենով գրականություն. դրանք թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական գրքեր են»,- նշեց Վ. Ոսկանյանը:

 

 

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային ԵՊՀ արևելագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց գրքերը՝ հույս հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն ուսումնառության ընթացքում:

 

Հանդիպման վերջում հարցուպատասխանի միջոցով ծավալվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ Հ. Թաբաթաբային խոսեց ԵՊՀ-ի և Թավրիզի համալսարանի միջև համագործակցության ծրագրերի, ԵՊՀ ուսանողների՝ դեպի Շիրազ և Թավրիզ այցի, ինչպես նաև դասախոսների փախանակման ծրագրի մասին:

 

 

Նշենք, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը ունի ֆակուլտետի ամենամեծ գրադարանը, որից օգտվում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, թե՛ ֆակուլտետի հյուրերը:

 

Հիշեցնենք, որ Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից չորս ուսանողներ իրենց ուսումնառությունը շարունակում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: