31.03.2015 | 
Ուսանողական
ԵՊՀ-Ն` «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ-Ն` «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայ ասպետ» հեռուստախաղ-մրցույթն այս անգամ անցկացվեց բուհական մակարդակով:

Հեռուստախաղ-մրցույթին մասնակցում էին Հայաստանի 9 բուհերի թիմեր: Կիսաեզրափակիչ փուլից հետո առավելագույն միավորներ հավաքած երեք թիմեր մարտի 29-ին խաղացին եզրափակչում: Երևանի պետական համալսարանի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի թիմերը գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը:

 

Հեռուստախաղի թեմատիկան ընդգրկում էր Հայոց մեծ եղեռնի կազմակերպման և իրականացման պատմությունը, հայության ինքնապաշտպանական մարտերը, հայոց պահանջատիրության իրավական հիմքերը, Ցեղասպանության խնդրի արծարծումը թուրքական արդի գրականության մեջ և այլն: Խաղի մասնակիցների, մասնավորապես ԵՊՀ թիմի կողմից ցուցադրվեց շատ դիտարժան խաղ՝ գեղեցիկ հայերենով, վերլուծական տարրերով համեմված խոսքի կուռ տրամաբանությամբ, արժանահիշատակ տեղեկատվությամբ լեցուն:

 

ԵՊՀ թիմի նախապատրաստական աշխատանքները համակարգել է ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը: Պարոն Սողոմոնյանը նշեց, որ խաղի հիմնական նպատակն է եղել Հայոց մեծ ցավի հաղթահարման խնդրի շուրջ հայ երիտասարդությանը միավորելը, պատմության դասեր առնելը, ինչպես նաև հանրությանը բազմաբնույթ տեղեկություն հաղորդելը: «Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ուսանողները հայտնել են իրենց դիրքորոշումներն այդ ամենի վերաբերյալ:

 

ԵՊՀ թիմի 11 հաղթող ուսանողներին ռեկտորի ու ռեկտորատի անունից շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«Այս հաղթանակն առաջին հերթին ձեր անհատական ձեռքբերումն է: Երբ կա թիմ, և այն ունենում է հաջողություն, ամրապնդվում է թիմային ոգին և ձեզ փոխանցում ուսանողական կյանքի ամենադրական ու կարևոր լիցքերից մեկը: Շատ ոգևորող է այն հանգամանքը, երբ ուսանողական ընկերներով մեկ թիմում տոնում եք ինտելեկտուալ հաղթանակը»,- ասաց պրոռեկտորն ու հավելեց, որ նմանօրինակ յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Մայր բուհն ունի խելացի ու ներկայանալի ուսանողներ:

 

Նշենք, որ ԵՊՀ թիմում ընդգրկված են եղել 11 ուսանողներ տարբեր ֆակուլտետներից: Նրանց մեծ մասը ուսանողական կառույցների ներկայացուցիչներ են: Հիմնական թիմում ներգրավված են եղել 5-ը, իսկ մնացած 6-ը հանդես են եկել որպես օգնականներ: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ:

 

Հավելենք, որ բոլոր խաղերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվելու են ապրիլին, իսկ հաղթող երկու բուհերի թիմերը հնարավորություն են ստացել մեկնելու Արևմտյան Հայաստան ու Արցախ:

 

Մրցույթին մասնակցել են՝

  • Մերի Բադալյանը (Իրավագիտության ֆակուլտետ, 1-ին կուրս),
  • Գևորգ Արշակյանը (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 1-ին կուրս),
  • Էրիկ Դավթյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս),
  • Հասմիկ Գրիգորյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 1-ին կուրս),
  • Մարիամ Հակոբյանը (Պատմության ֆակուլտետ, 2-րդ կուրս),
  • Սարգիս Բալդարյանը (Պատմության ֆակուլտետ, 3-րդ կուրս),
  • Անահիտ Մուկուչյանը (Պատմության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս),
  • Աննա Ստեփանյանը (Հայ բանասիրության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս),
  • Շոթա Ղազարյանը (Պատմության ֆակուլտետ, 3-րդ կուրս),
  • Գևորգ Կեսոյանը (Պատմության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս),
  • Էդգար Էլբակյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս):
Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: