08.10.2015 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՏՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՏՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Ուղիղ մեկ ամիս ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան ԵՊՀ-ում դիտելու հայկական կինոարտադրության ամենաթարմ ֆիլմերը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով արդեն 6-րդ տարին է, ինչ համալսարանը ևս դառնում է «Կինոաշուն» ծրագրի մասնակիցը: Այս տարի «Կինոաշունը» նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

 

«Այս տարի ցուցադրելու ենք Եղեռնի թեմաներով նկարահանված ֆիլմեր: Ու պարտադիր չէ, որ դրանք միայն Հայաստանում նկարված լինեն: Ցուցադրելու ենք նաև արտասահմանում ապրող հայերի կամ արտասահմանցիների  ֆիլմերից, որոնք հայերի մասին են»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ  Աշոտ Համբարձումյանը:

 

Հոկտեմբերի 7-ին ԵՊՀ-ում ցուցադրված առաջին ֆիլմը Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմն էր, որի պրեմիերան կայացել է այս տարվա գարնանը՝ ապրիլին: Այն պատմում է Ցեղասպանությունից փրկված մարդկանց այսօրվա սերնդի և նրանց հանգիստ չտվող անցյալի ստվերների մասին:

 

Հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճելի էր, գաղափարի հակառակորդները շրջափակում են թատրոնը, և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավականին վտանգավոր է, և անցյալի հոգիներն ամենուր են։

 

«Ես և համահեղինակ Ալեք Մուհիբյանը զգում էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի ստվերը և մեզ վրա մեծ պատասխանատվություն վերցրինք ֆիլմն ավարտին հասցնել մինչև տարելիցը: Ի սկզբանե գիտեինք, որ սովորական ֆիլմ չի լինելու: Ուզում էինք հարգել անցյալը, հիշել նահատակներին ու միևնույն ժամանակ 1915-ի մասին խոսելու նոր` ժամանակակից ձև գտնել»,- ֆիլմի հայաստանյան պրեմիերայի ժամանակ նշել է ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը:

 

Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանգյանն է. «Անկեղծ ասեմ` կյանքումս կարդացած լավագույն սցենարներից է: Այնքան հույզեր ստացա, որ միանգամից մի քանի թեմա գրեցի և ուղարկեցի տղաներին: Երաժշտությունը առանձնահատուկ է նրանով, որ ռոքային տարրերը փորձել եմ միաձուլել հայկական էթնիկ երաժշտության հետ»:

 

ԵՊՀ-ում ֆիլմի դիտմանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ովքեր ավարտից հետո ակտիվորեն մասնակցում էին ֆիլմի քննարկմանը: 

 

Նշենք, որ «Կինոաշուն» ծրագրի շրջանակում ֆիլմերի դիտումները կազմակերպվում են ամեն շաբաթ՝ չորեքշաբթի օրերին, Մշակույթի կենտրոնի դահլիճում:

 

«Շատ ֆիլմերի պրեմիերաներ հենց այստեղ ենք կազմակերպում, որովհետև կարևորում ենք ուսանողների հետ աշխատանքը, և հետո մեր հանրապետության մշակութային կյանքում համալսարանը շատ ակտիվ դեր է կատարում: Փորձը ցույց է տվել, որ այս քննարկումները շատ կարևոր են նաև ֆիլմերի ստեղծողների համար: Արա Երնջակյանն իր ֆիլմի քննարկումից այնքան էր ոգևորվել, որ ուսանողներին հրավիրեց Կամերային թատրոն՝ ներկայացում դիտելու և քննարկելու: Նրանց համար կարևոր է, թե ինչպես է այսօրվա սերունդն ընկալում իրենց աշխատանքները»,- հավելեց պարոն Համբարձումյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ
ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:
«ՆՐԱՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ». ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսուա Վիոն պոետի մասին շատերը գիտեն։ Իր անբարո վարքի համար նա 1463 թվականին վտարվել է Փարիզից, ինչից հետո ուշ միջնադարի ամենամեծ բանաստեղծի մասին ոչ մի հստակ տեղեկություն չի եղել։ Հայտնի է միայն, որ Վիոնը մահացել է 1491 թվականից ոչ ուշ, երբ տպագրվեց նրա ստեղծագործությունների առաջին հատորը: