12.06.2017 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն՝ «ԱՐՏ ՖԵՍՏ-2017» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ-Ն՝ «ԱՐՏ ՖԵՍՏ-2017» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ-2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները, որոնց մասնակցում էին նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Շուրջ 40 երիտասարդ երգիչ-երգչուհիներ, ովքեր որոշել են իրենց համար ճանապարհ հարթել երգի ասպարեզում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում ներկայացան իրենց լավագույն կատարումներով: Նրանք հանդես եկան երգեցողության երեք ժանրերում` դասական, էստրադային և ժողովրդական: 

 

«Արտ Ֆեստ» միջազգային փառատոնում, հայաստանցի մասնակիցներից բացի, մրցում էին նաև Ուկրաինայից, Իրանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները: 

 

 

Փառատոնում ԵՊՀ-ն ներկայացնում էին Մշակույթի կենտրոնի սաները՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհիներ Անի Քոչարյանը (էստրադա), Էլեն Տոնոյանը (էստրադա), Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Աննա և Մարի Գաբրիելյանները (դասական) և Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անի Սիսակյանը (ժողովրդական):

 

Կատարումները գնահատում էին մասնագիտական ժյուրիի անդամներ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը: 

 

 

«Ես արդեն 3 տարի է` ընդգրկված եմ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում և կարող եմ մի բան շատ հստակ ասել՝ տարեցտարի մասնակիցների որակական աճ եմ նկատում: Թեպետ բոլորը հավասար հնարավորություններով չեն, բայց կային այնպիսի մասնակիցներ, ովքեր արդեն պատրաստի երգիչներ են»,- ասում է Արզաս Ոսկանյանը:

 

Ժյուրին իր որոշումն արդեն կայացրել է` ընտրելով յուրաքանչյուր ոլորտի լավագույն երգչին ու երգչուհուն: Իսկ թե ովքեր են նրանք, կիմանանք միայն հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ:

Այլ նորություններ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները: