18.03.2015 | 
ԵՊՀ-Ն ՀԻՇՈՒՄ Է, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԵՊՀ-Ն ՀԻՇՈՒՄ Է, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հայոց մեծ եղեռնն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության օր է համարվում 1915 թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց արևմտահայ մտավորականության ընտրանին՝ շուրջ 800 հոգի, որոնց թվում՝ թուրքական խորհրդարանի՝ մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ: Նրանք ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում տեղ հասնելուն պես:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համախմբել է աշխարհով մեկ սփռված հայությանը: Աշխարհի տարբեր անկյուններում հայկական համայնքները կազմակերպում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և թուրքական կառավարության ոճրագործությանը զոհ գնացածների վառ հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնց նպատակն է նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացի վրա: 

Երևանի պետական համալսարանն անմասն չի մնացել վերը նշված նախաձեռնություններից: Մայր բուհը ոգեկոչման տարվա ընթացքում կազմակերպելու է շուրջ վեց տասնյակ միջոցառումներ՝ գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ, հուշ-ցերեկույթներ, ցուցադրություններ, այցելություններ և այլն: Միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով բուհում ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համալսարանական հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև վարչական աշխատողներ և ուսանողներ: Հիմնական միջոցառումը կանցկացվի ապրիլի 21-ին, երբ հանդիսավոր արարողությամբ կբացվի ԵՊՀ երախտիքի ծառուղին: Նույն օրը ԵՊՀ գրադարանում տեղի կունենա նաև ցեղասպանության թեմային նվիրված սրահի բացում, որին կհաջորդի ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը:

Ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել 8 գիտաժողով, որոնցից երկուսը տեղի կունենան ԵՊՀ իրավագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում ու կկրեն միջազգային բնույթ: Ռոմանագերմանական բանասիրության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ղեկավարության նախաձեռնությամբ ուսանողների շրջանում կկազմակերպվի օտարալեզու էսսեների մրցույթ: 



Մի շարք նախաձեռնություններով հանդես կգան նաև ԵՊՀ ուսանողական կառույցները: Մասնավորապես ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կկազմակերպի հանդիպումներ և ներհամալսարանական գիտաժողովներ, իսկ Ուսանողական խորհուրդը նախատեսել է արշավների կազմակերպում երիտասարդ համալսարանականների համար: Արշավները կընդգրկեն ՀՀ այն տարածքները, որոնք այս կամ այն չափով առնչվել են Հայոց ցեղասպանության հետ: ԵՊՀ մշակույթի կենտրոնն էլ ստանձնել է բոստոնահայ Ջոյս վան Դայկի տատիկի պատմությունը ներկայացնող «Աքսորվածները» երազ-պիեսի հայերեն բեմադրության գործը:

Միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում մեծ է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) դերը: Ամբողջ տարվա ընթացքում ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների և ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս կտեսնի շուրջ 24 աշխատություն՝ մենագրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քարտեզ և այլն, որոնց էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն նաև բուհի համապատասխան կայքերում: Նշված հետազոտություններից 14-ն իրականացվում է ՀՀԻ-ի կողմից: «Ամեն կերպ փորձելու ենք տվյալ գրքերը հասանելի դարձնել և՛ ներքին, և՛ Սփյուռքի լսարանների համար: Հետազոտություններն իրականացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել այն գործերին, որոնք օտարալեզու են: Մասնավորապես այս պահին պատրաստում ենք և գրեթե ավարտին է հասցված Հայոց ցեղասպանության պատմաաշխարհագրական քարտեզը, որտեղ բացատրագրությունները նույնպես անգլերեն են լինելու: Անդրադարձ է լինելու նաև Մեծ եղեռնի ականատեսների, տարբեր միջազգային հարթակներում հանդես եկած գործիչների աշխատանքների՝ Հայաստանում վերահրատարակման գործընթացին»,- նշում է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ Մհեր Հովհաննիսյանը և հավելում, որ հետազոտությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ֆրանսիական և գերմանական աղբյուրներին:


Մհեր Հովհաննիսյանն ընդգծեց, որ հրատարակման է պատրաստվում նաև օսմաներենի դասագիրք, որը լուրջ ձեռքբերում է: «Հայոց ցեղասպանության տարիներին գրագրությունը կատարվում էր օսմաներենով՝ արաբատառ թուրքերենով: Ըստ էության՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնում երկար տարիներ օսմաներենի մասնագետներ պատրաստելու գործում միշտ խնդիրներ էինք ունենում, օտարերկրյա համալսարանների միջոցով համատեղ մասնագետների պատրաստման ծրագրերի էինք դիմում, իսկ այսուհետ մենք կունենանք մեր մասնագիտական հենքը»,- ասում է ինստիտուտի փոխտնօրենը: 
Հավելենք, որ դասագիրքը պատրաստում են ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի մասնագետները:

Կարևոր միջոցառումներից է նաև ցուցադրությունների շարքը: Չորս խոշոր ցուցադրությունների ընթացքում կներկայացվեն Հայոց ցեղասպանությունն արտացոլող պատկերներ ու լուսանկարներ՝ թե՛ կորուսյալ հայրենիքի անցյալի և ներկայի համեմատական նկարագրությունների, թե՛ ժամանակակից նկարիչների գործերի միջոցով:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված են համալսարանական պատվիրակությունների այցեր Սփյուռքի հայկական համայնքներ: Մասնավորապես մարտին Մոսկվայում տեղի կունենա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկում» ֆիլմի ցուցադրությունը, որը կկազմակերպվի Սոչիի և Մոսկվայի մի խումբ համշենահայերի միջոցներով ու ԵՊՀ-ի անմիջական ջանքերով: Արդեն ապրիլին ԵՊՀ պատվիրակությունը կայցելի Դոնի Ռոստովի հայկական համայնք, որտեղ կմասնակցի Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումներին: Համալսարանականները հանդես կգան նաև մի շարք թեմատիկ դասախոսություններով, կմասնակցեն ՀՀ-ում, Արցախում և արտերկրում կազմակերպվելիք մի շարք այլ գիտաժողովների, որտեղ կներկայացնեն Հայոց ցեղասպանությանը նվիրված զեկույցներ: «Մարտ և հունիս ամիսներին համապատասխանաբար Իրանի Իսլամական Հանրապետությունում և ՌԴ-ում, մասնավորապես Մոսկվայում, կազմակերպվելու են գիտաժողովներ, որոնց մասնակցելու հրավերներն արդեն իսկ ստացել ենք: Իրանում անցկացվելիք գիտաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանը, իսկ Մոսկվայում նախատեսված է իրականացնել «Հոլոքոստը և Ռուսաստանը» խորագրով գիտաժողով, որի բաժիններից մեկը նվիրվելու է Հայոց մեծ եղեռնին»,- մանրամասնում է Մհեր Հովհաննիսյանը:

 



Հարկ է առանձնահատուկ նշել նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացվող «Ցեղասպանություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը համապետական նշանակություն ունի: Հիշեցնենք, որ Մայր բուհը 2013 թ-ից իրականացնում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: Ներկայումս ՀՀԻ-ն ունի 14 ուսանող, որոնց մի մասը սփյուռքահայեր են և սովորում են անվճար հիմունքներով: Ի դեպ, բավականին խորհրդանշական է, որ հենց 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ծրագիրը կունենա իր առաջին շրջանավարտները:

Հարկ է արձանագրել, որ Մայր բուհն ակտիվ քարոզչական և գիտաճանաչողական գործունեություն է ծավալում նաև վիրտուալ տիրույթում: Մասնավորապես genocide100.ysu.am ևwww.armeniansgenocide.am էլեկտրոնային հարթակներում այսուհետև մասնագիտական ամենաբարձր մակարդակով հանրությանը կմատուցվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեղեկատվական նյութեր՝ գրքեր, ժողովածուներ, քարտեզներ, լուսանկարներ, փաստաթղթեր, վերլուծություններ, վկայություններ և այլն: «Հետագայումwww.armeniansgenocide.am/ եռալեզու կայքը դառնալու է պորտալ՝ վերածվելով պատմափաստագրական տվյալներ և էլեկտրոնային ռեսուրսներ ամբարող մի համակարգի: Կայքում կհավաքագրվեն այնպիսի տվյալներ, որոնք ուղիղ փաստագրական վկայություններ կպարունակեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասում է կայքի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը: 

«ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագիրը կրող genocide100.ysu.am կայքն էլ ԵՊՀ պաշտոնական պորտալի՝ www.ysu.am-ի կայքերից է, որը երկլեզու՝ հայերեն և անգլերեն տեղեկատվություն է տարածում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի և դրա շրջանակում պետհամալսարանի կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ: 

Կայքը բաղկացած է մի քանի բաժիններից՝ «Գլխավոր», «Նորություններ» և «Միջոցառումների օրացույց», որտեղ զետեղված են Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված առավել կարևոր նորությունները, առաջիկայում կայանալիք միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնին վերաբերող այլ կայքերի հղումներ: Առանձնակի շեշտադրված է ԵՊՀ երախտիքի ծառուղու հիմնադրման և բացման արարողությունը: ԵՊՀ երախտիքի ծառուղու աջ և ձախ կողմերում կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած հայտնի գործիչների կիսանդրիները: Հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի գործիչների կենսագրությունները նույնպես տեղադրված են կայքի համապատասխան բաժնում: 

«Կայքը գործելու է նաև հետագայում՝ որպես ԵՊՀ պորտալի ենթահանգույց: Հարկ է նշել, որ տեղադրված հղումները կայքից օգտվողներին թույլ կտան ծանոթանալ նաև համապետական միջոցառումներին և նորություններին: Տվյալ հանգույցներն էլ համապատասխանաբար իրենց կայքերում որպես հղում կտեղադրեն ԵՊՀ-ում իրականացվող միջոցառումներն ու արդեն իսկ տեղադրված նորությունները: Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի հանգույց, որը կհետաքրքրի թե՛ Սփյուռքի հայերին, թե՛ ներքին լսարանին, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեղեկատվական կայքերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակի վրա»,- նշում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: 

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական բոլոր տեսակի դրսևորումները՝ հայրենազրկում, քրիստոնյաների ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածներ, էթնիկ զտումներ, ժառանգության ոչնչացում և այլն: Միջազգային հանրության կողմից թուրքական կառավարության իրականացրած և ներկայումս էլ իրականացվող հանցագործություններն ու դրանց հետևանքները լռեցնելու կամ արդարացնելու բոլոր փորձերն այսօր էլ դիտվում են որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք:

 

***

«Ցեղասպանություն» տերմինը 1944 թ-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոստի զոհերից էր, և այդ տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում 1915 թ-ին հայերի դեմ իրագործված ոճիրը:


***

1948 թ-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և այն ստորագրած պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:


***

Հայոց ցեղասպանության միջազգային առաջին արձագանքը Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի՝ 1915 թ-ի մայիսի 24-ին արված համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվող բռնությունները որակվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: