29.08.2014 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՂԹՈՂՆ Է
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՂԹՈՂՆ Է
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Դերզյանը տարածաշրջանում միակն էր, ով հաղթող ճանաչվեց ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված բազմալեզու ակնարկների մրցույթում:

Հունիսի 27-ին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն (ՀՏՎ) իր «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի շրջանակում «Կրթական ծառայություններ» ընկերության (ESL) հետ համատեղ Նյու Յորքում կազմակերպել էր միջազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցում էին «Բազմաթիվ լեզուներ, մեկ աշխարհ» ակնարկների մրցույթի հաղթողները: Մասնակից ուսանողները մրցույթի ընթացքում համաշխարհային քաղաքացիության վերաբերյալ ակնարկներ էին ներկայացրել ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներից որևէ մեկով: Այն չէր կարող լինել իրենց մայրենի կամ իրենց կրթական հաստատությունում դասավանդվող հիմնական լեզու: Հատկանշական է նաև այն փաստը, որ համաժողովը տեղի է ունեցել հենց ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման օրը: Այն միևնույն ժամանակ ազդարարել է հաջորդ տարի կայանալիք, ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

 

ԵՊՀ ուսանողուհու տեղեկացմամբ՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցած 60 մասնակիցները (ամեն ենթախմբից՝ 10 մասնակից) իրենց ընտրած լեզվով ելույթ են ունեցել Նյու Յորքի ընդհանուր վեհաժողովի դահլիճում՝ կոնկրետ առաջարկներ ներկայացնելով ՄԱԿ-ի «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի երեք հիմնական սկզբունքների (կրթական հնարավորություններ բոլորի համար, գլոբալ քաղաքացիություն և միջմշակութային երկխոսություն) վերաբերյալ: Տաթև Դերզյանը հավելեց նաև, որ բոլոր մասնակիցների ելույթներն ամբողջովին թարգմանվել են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով, իսկ ինքը ելույթ է ունեցել ռուսերենով:

 

«Ես և մեր խմբի մյուս անդամները պետք է խոսեինք ՄԱԿ-ի «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի 10-րդ սկզբունքի մասին (միջմշակութային երկխոսության և ըմբռնման խթանման պարտավորություն և անհանդուրժողականության «հետաճը» կրթության միջոցով), իսկ իմ անհատական թեման էր «Ըմբռնումը՝ որպես խաղաղության բանալի»-ն: Հետաքրքիր էր նաև, որ ելույթներից հետո մասնակիցները խոստացան քայլեր ձեռնարկել իրենց հայրենիքներում բազմալեզվությունը խթանելու ուղղությամբ: Ինքս կհամագործակցեմ ՄԱԿ-ի ՀՏՎ երևանյան գրասենյակի հետ՝ օգնելու իմ համալսարանին միանալ «Ակադեմիական ազդեցություն»  նախաձեռնությանը»,- նշեց հաղթող ուսանողուհին:

 

Տաթև Դերզյանը վերջում հավելեց նաև, որ պատրաստվում է բացել  բազմալեզվության մասին բլոգ՝ իր հասակակիցների շրջանում խթանելու այս համընդհանուր և համաշխարհային սկզբունքները: 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է քրեակատարողական ընթացակարգի վերաբերյալ երկօրյա առցանց դասախոսություն։