27.12.2016 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐ ՆՎԻՐԵՑԻՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐ ՆՎԻՐԵՑԻՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 24-29-ը համալսարանականները նվեր-պարկերով այցելել էին Արցախ և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` այնտեղի մանուկների մեկ օրը հեքիաթի վերածելու, ամանորյա տոնական տրամադրություն փոխանցելու համար:

Այցի առաջին կանգառը Քարվաճառն էր: Հարյուրավոր մանուկներ ուսանողներին դիմավորեցին մեծ խնդությամբ` անհամբեր սպասելով նաև Ձմեռ պապիկի նվերներին:  Համալսարանականներն Արցախում ամանորյա ուրախ կատարումներով հագեցած համերգային հատուկ ծրագիր էին պատրաստել, որին մեծ ոգևորությամբ միացել էին նաև երեխաները: Տոնական ջերմ օրը, ուրախ մթնոլորտը մանուկների աչքերն էլ ավելի էին պայծառացրել, սակայն նրանց բոլորի երազանքներն ու պատկերացումները հատվում են մի կետում՝ խաղաղություն:

 

Արմինեն արդեն հասցրել էր նամակ գրել Ձմեռ պապիկին. ամբողջ աշխարհի համար խաղաղություն է ուզում, զինվոր եղբայր ունի, և նրա համար ամենաերջանիկ օրը կլինի եղբոր վերադարձը:

«Անակնկալներ, խաղալիքներ շատ եմ սիրում, բայց ամենաշատն ուզում եմ, որ ոչ մի զինվոր չզոհվի»,- ասում է Արմինեն: Մանուկներից մեկն էլ Ձմեռ պապից անօդաչու թռչող սարք էր ուզում:




Նույն օրը համալսարանականներն այցելեցին նաև Ալաշան գյուղ, որտեղ նրանց էին սպասում այնտեղ ժամանակավորապես բնակություն հաստատած Թալիշի փոքրիկները:


Ծրագիրն իրականացնող ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակից, համերգային մասի պատասխանատու Լուսինե Համբարյանը փաստում է, որ բազմաթիվ միջոցառումներով են հանդես եկել Արցախում, սակայն այս մեկն առանձնանում էր իր բովանդակությամբ ու էներգետիկ դաշտով. «Պատրաստել էինք աշխույժ, բարի, տոնական կատարումներ, փորձել էինք ամանորյա հեքիաթային միջավայր ստեղծել, այնպես անել, որ երեխաները հավատան հրաշքներին: Բոլոր մանուկները լուսավոր էին, հատկապես տպավորվել է Թալիշի մանուկների հետ մեր հանդիպումը Ալաշանում, նրանց պայծառ ու հասուն հայացքները»:

 

Հաջորդ օրն էլ համալսարանականներն այցելեցին Մարտակերտի, Մատաղիսի մանուկներին, նվեր-պարկերով եղան նաև Ստեփանակերտի մանկատանը: Դեկտեմբերի 26-ին էլ ԵՊՀ-ականները եղան Նոր Էրքեջ, Դադիվանք, Չորեքտար, Եղեգնուտ գյուղերում, որտեղ հավաքվել էին նաև Քնարավան, Չապնի, Նոր Կարաչինար համայնքների մանուկները:

 



 

Իսկ դեկտեմբերի 29-ին նվերներ ստանալու հերթը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներինն էր: Ամանորյա ուրախ միջոցառումները, Ձմեռ պապի հետ հանդիպումները շարունակվեցին Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեձոր, Այգեպար, Չինարի գյուղերում:  

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նշեց, որ այցելությունը ուսանողական կառույցների ղեկավարների առաջարկությամբ է կատարվել. «Որոշեցինք այս տարվա ամանորյա միջոցառումը չանել և այդ գումարները ուղղել Արցախի, մասնավորապես Մարտակերտի և Շահումյանի շրջանի գյուղերի ու Տավուշի մի շարք գյուղերի 2000-ից ավելի երեխաների համար ամանորյա նվերներ պատրաստելուն»:

 

ԵՊՀ մարտական ակումբի ղեկավար Արմեն Խաչիկյանը այցն ընդհանուր առմամբ հաջողված է համարում.«Հաջողության ամենակարևոր ցուցիչը երեխաների ժպիտն ու ուրախությունն էին, որը տեսա բոլոր գյուղերի երեխաների աչքերի մեջ: Ոգևորված էին նաև ծնողները, որոնք համոզվեցին, որ իրենք անտեսված չեն, իրենց հանդեպ ուշադիր են, կա սոցիալական պատասխանատվություն սահմանամերձ գյուղերի նկատմամբ»:

 

 

 

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները նշում էին Երևանի տոնը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում հյուրընկալվել էր կոմպոզիտոր Վահան Արծրունին: