18.03.2015 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ տարբեր բուհերից ավելի քան 350 ուսանողներ կընդգրկվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կամավորական աշխատանքներում:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող Վահագն Մելիքյանը, ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ Վարդան Ասոյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքական մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանն ու ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

Հանդիպման հյուրերը ուսանողներին ներկայացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կարևորությունը և նրանց հորդորեցին իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը հայտնել կամավորական հիմունքներով մասնակցելու կազմակերպչական աշխատանքներին:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող Վահագն Մելիքյանը նշեց, որ ապրիլին իրականացվող մեծ միջոցառումներին կարևոր է նաև ուսանողների մասնակցությունը: Նշենք, որ ապրիլի 22-ից 25-ը մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում անցկացվելու են լայնամասշտաբ միջոցառումներ:

 

Ընդհանուր առմամբ` ուսանողների ներգրավվածությունը լինելու է 10 վայրերում: Դրանց մեջ են ներառված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերի դիմավորումը, Մարզահամերգային համալիրում իրականացվող ծրագրերը, Հանրապետության հրապարակում կայանալիք «System of a down» խմբի, ինչպես նաև սիմֆոնիկ համերգների կազմակերպչական տարբեր հարցեր և այլն:

 

Հանդիպման ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողների բաժանվեցին մասնակցության հայտեր, որոնցում ներառված էր միջոցառումների ցանկը: Ուսանողները պետք է լրացնեին դրանք՝ նշելով, թե որ միջոցառմանն են նախապատվություն տալիս մասնակցելու կամավորական հիմունքներով: Իրականացվող յուրաքանչյուր միջոցառման համար ստեղծվելու են հատուկ խմբեր: Կամավորներն այդ օրը կրելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող տարբերանշանով վերնաշապիկներ:

 

«Մեր երիտասարդությունը նույնպես պետք է ներգրավված լինի այս աշխատանքներում: Մենք ցանկանում ենք, որ ուսանողներն իրենց փոքրիկ մասնակցությունը ունենան պատմական այս իրադարձությանը»,- նշեց պարոն Մելիքյանը:  

 

ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ Վարդան Ասոյանն էլ հավելեց, որ կամավորների վրա մեծ ու կարևոր պատասխանատվություն է դրվելու: Նա ուսանողներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ մոտենալ կատարվող աշխատանքներին, քանի որ այդ օրերին մեր հանրապետությունը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: 

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: