16.12.2020 | 
Հասարակություն
ՀԱՂԹՈՂԻ ԳԱՎԱԹԸ 5-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ
ՀԱՂԹՈՂԻ ԳԱՎԱԹԸ 5-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ արդեն 5-րդ անգամ անընդմեջ իրականացրել է Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղ-մրցույթ՝ ՀՀ և Արցախի բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար:

Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, իսկ բանավոր փուլի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած ու առավելագույն միավորներ հավաքած 6 թիմերի ներկայացուցիչները:

 

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերում յուրաքանչյուր թիմ հանդես է գալիս երկու անգամ, մի դեպքում որպես պաշտպանության, հաջորդին՝ մեղադրանքի կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած երկու թիմ մրցում է հաղթողի գավաթը նվաճելու համար:

 

Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի բուհերի ինը և Արցախի պետական համալսարանի երկու թիմեր: Գրավոր փուլի արդյունքներով բանավոր փուլում հանդես գալու իրավունք էին ստացել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» և «ԵՊՀ-2», Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «ՀՌՀ-1», Արցախի պետական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Justice League» և «Logos» թիմերը։

 

Արցախում ստեղծված իրավիճակից ելնելով՝ բանավոր փուլին մասնակցությունից հրաժարվել է Արցախի պետական համալսարանի թիմը, որին փոխարինել է հայտ ներկայացրած թիմերից հաջորդը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Հոգվարթս» թիմը:

 

Բանավոր փուլն անցկացվել է դեկտեմբերի 11-13-ը: Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման և հետպատերազմական վիճակի հետևանքով ստեղծված պայմաններում բանավոր փուլն անցկացնելու հնարավորության առումով որոշակի մտավախություն է եղել։

 

 

«Սակայն հաշվի առնելով, որ թիմերը և նրանց մարզիչները ծավալուն աշխատանք էին իրականացրել ու մրցույթին մասնակցության ցանկությունը մեծ էր, ի վերջո, գերմանացի մեր գործընկերների հետ միասին որոշվեց անցկացնել այն։ Հետագայում արդյունքները ցույց տվեցին, որ որոշումն արդարացված էր»,- նշեց ֆակուլտետի դեկանը։

 

Դատախաղի առաջին օրը բացման խոսքով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը։

 

 

Դատախաղի ընթացքին հետևել է ժյուրին, որի կազմում են եղել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը, Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը և Դյուսելդորֆի փաստաբան Յոխեն Բիքսը:  

 

Դատախաղ-մրցույթի կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով դեկտեմբերի 13-ին եզրափակիչ խաղում հանդիպել են Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «ՀՌՀ-1» թիմերը: Ժյուրիի միասնական որոշմամբ, հաղթողի գավաթը 5-րդ անգամ անընդմեջ նվաճել է Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը:

 

 

Մասնակիցների հավաստմամբ, դատախաղերն անցկացվել են թիմերի թեժ մրցակցության պայմաններում։ Մրցույթի հաջողության կարևորագույն գրավականը, ըստ նրանց, նաև պրոֆեսիոնալ ժյուրին էր։ Մասնակիցները միակարծիք են, որ դատախաղ-մրցույթն իրապես հաջողված էր, քանի որ իրենց տեսական և գործնական գիտելիքները հարստացնելու աննախադեպ հնարավորություն են ունեցել։

 

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվել են պատվոգրեր, որոնք սահմանվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ-ի կողմից: Պարգևներ և մրցանակներ էին սահմանվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, ՀՀ դատավորների միության, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության ակադեմիայի և ԵՊՀ-ի կողմից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» ճանաչվել է Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը, որի անդամներին Արման Թաթոյանի կողմից հանձնվել են պատվոգրեր և հուշանվերներ:

 

 

Մարդու իրավունքների պաշտպանը նաև իր գրասենյակում վերապատրաստման հնարավորություն է ընձեռել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Հոգվարթս» թիմի անդամների համար: 

 

ՀՀ իրավաբանների միության կողմից սահմանված «Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» ճանաչվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Justice league» թիմը:

 

ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից սահմանված «Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» թիմի անդամ Ռաֆայել Նահապետյանը:

 

ՀՀ փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի կողմից սահմանված «Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «ՀՌՀ-1» թիմի անդամ Միլենա Սարգսյանը և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմի անդամ Մանե Սաֆարյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանված «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Լոգոս» թիմի անդամ Արևիկ Մարտիրոսյանը:

 

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում լավագույնը ճանաչվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Հոգվարթս» թիմը:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի կողմից էլ մրցանակ է հանձնվել հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմի մարզչին՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարաբյանին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին: