04.02.2019 | 
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին և պարզաբանել ԵՊՀ դիրքորոշումը պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշման վերաբերյալ:

ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

 

Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախևառաջ պարզաբանել է, թե ինչու է կառավարության որոշումն անակնկալ եղել: Նա նշեց, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գիտական գործունեության ֆինանսավորման երեք տեսակ է գործում՝ ենթակառուցվածքի պահպանում և զարգացում, թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում և նպատակային ծրագրեր: Նրա հավաստմամբ, օրենքում հստակ գրված է, որ նպատակային ծրագրերը և թեմատիկ դրամաշնորհներն իրականացվում են մրցույթով: Ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար մինչ այժմ մրցույթ նախատեսված չի եղել, այլ միայն փորձաքննություն:

 

«Ամեն տարի՝ մարտ ամսին, մենք և գիտական այլ կազմակերպություններ հայտ ենք ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա համար, ինչն արել ենք նաև 2018 թվականի մարտին: Այն հաստատվել է, բայց ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Գևորգյանը:

 

ԵՊՀ պրոռեկտորի խոսքով՝ ԵՊՀ-ն չի խուսափում մրցույթից, այլ դեմ է կտրուկ շրջադարձերին. «Նախօրոք հայտարարվել է, որ պետք է ներկայացվեն ծրագրերը, ինչն արել ենք: Դեկտեմբերի 20-ից հետո գիտաշխատողների հետ էլ մեկ տարով երկարացրել ենք աշխատանքային պայմանագրերը, և հանկարծ դեկտեմբերի 27-ին որոշվել է, որ այդ ծրագրերը պետք է ֆինանսավորվեն մրցույթով: Ես լավ չեմ պատկերացնում ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի ֆինանսավորում մրցույթով: Այսինքն՝ ինչ-որ ուրիշ կազմակերպությո՞ւն կարող է շահել ԵՊՀ-ի ենթակառուցվածքը պահպանելու մրցույթը»:

 

Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին դեռ հայտնի չեն մրցույթի ժամկետները, և ինչքանով իրեն հայտնի է, մշակված էլ չեն մրցույթի անցկացման պայմանները. «Այսինքն, եթե նույնիսկ մոտակա շաբաթների ընթացքում հայտարարեն մրցույթ, և այն ընթանա բոլոր ընթացակարգերով, ապա ապրիլի սկզբին հավանաբար պարզ չեն լինի մրցույթի հաղթողների անունները: Այդ պատճառով Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մենք ծանուցել ենք մեր աշխատողներին, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով»:

 

Պրոռեկտորը լրագրողներին պարզաբանեց, որ ԵՊՀ-ում հունվարին վճարել են գիտաշխատողների աշխատավարձերը, դեռ երկու ամիս էլ կվճարեն, իսկ հետո, եթե ֆինանսավորում չլինի, այլևս չեն կարողանա: Այս պարտադրված ծախսերը համալսարանի համար կազմում են շուրջ 200 մլն դրամ (3 ամսվա աշխատավարձեր և հատկացումներ արձակման համար):

 

«Ծանուցված գիտաշխատողները ԵՊՀ-ում 450-ն են, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, իսկ մնացածը համատեղությամբ են աշխատում: Այսինքն՝ 200 գիտաշխատողներ կորցնելու են հիմնական աշխատանքը: Բացի դրանից՝ հունվարից նրանք զրկվել են գիտական կոչման համար նախատեսված 25 և 50 հազար դրամ հավելավճարներից, որովհետև ըստ կարգի՝ այդ հավելավճարը հատկացվում է այն գիտաշխատողներին, որոնք ֆինանսավորվում են ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից»,- ասաց Գեղամ Գևորգյանը:   

 

 

Լրագրողների հարցին, թե գիտական առումով ի՞նչ կկորցնի ԵՊՀ-ն, Գեղամ Գևորգյանը շեշտեց, որ գիտաշխատողների աշխատանքից ազատվելը միայն համալսարանի կորուստը չէ. «Դա գիտական միջավայրի կորուստ է ամբողջ հանրապետության համար։ Կառավարության այս որոշումը վերաբերում է ավելի քան 1000 գիտաշխատողի, որոնք տալիս են գիտական արտադրանքի կեսից ավելին։ Հիմա դուք ասեք՝ ի՞նչ կտա Մատենադարանի ֆինանսավորման դադարեցումը, ի՞նչ կտա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորման դադարեցումը։ Եթե ԵՊՀ-ն իր կրթական մուտքերի հաշվին դեռ կշարունակի գոյատևել, աշխատել և փորձ անել նաև ինչ-որ չափով ապահովելու գիտության ֆինանսավորումը, ապա ի՞նչ պիտի անի Մատենադարանը, եթե դա նրա հիմնական ֆինանսավորման աղբյուրն է։ Այս հարցի պատասխանն օդում է»։

 

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե բացառվո՞ւմ է արդյոք այն տարբերակը, որ որոշումն ընդունվել է, որ իր կարծիքով, անարդյունավետ գործող գիտաշխատողները  կրճատվեն, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ պրոռեկտորն ասաց, թե բոլոր ոլորտներում էլ անարդյունավետ աշխատակիցներ լինում են, բայց այդ հարցի լուծումն այս եղանակով չպետք է արվի. «Ցանկացած երկրում կան հանցագործներ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է վերացնել: Պետք է պայքարել դրա դեմ: Գիտական ոլորտը քարացած չէ: Բավականին շատ գիտաշխատողներ ազատվում են աշխատանքից անարդյունավետ գործունեության համար, գալիս են նորերը, պարզապես մենք չենք բարձրաձայնում, քանի որ դա աշխատանքային գործընթաց է»:

 

Իսկ հարցին, թե ըստ Գեղամ Գևորգյանի՝ ինչո՞ւ է ընդունվել այս որոշումը, պրոռեկտորը պատասխանեց, որ սա ավելի շուտ իրավիճակին լավ ծանոթ չլինելու հետևանք է. «Գուցե այդ որոշումը կայացնողները չեն գիտակցել, թե այն քանի հոգու է վերաբերելու, ինչ է նշանակում բազային ֆինանսավորում, կամ ինչ է նշանակում բավականին թանկարժեք ենթակառուցվածքը զրկել աշխատողից: Նորից եմ կրկնում, որ մենք մրցույթին դեմ չենք, մեր առաջարկի մեջ էլ կար, որ մտածենք ավելի արդյունավետ կառավարման ձևեր հիմնելու մասին, սակայն այդ ամենը պետք է կանխատեսելի լինի: Մարդը պետք է իմանա, որ առաջիկա վեց ամսում լինելու է ֆինանսավորում: Ես գրեթե վստահ եմ, որ այս իրավիճակը շտկվելու է, քանի որ ես չեմ կարծում, թե սա վնաս տալու նպատակով է արվել»: 

 

Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել իր դիրքորոշումը: Մինչ այժմ պաշտոնական արձագանք չի ստացվել:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: