30.11.2012 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ` ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ` ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ
Համալսարանականներն ապրում են Բաբաջանյանով ու բաբաջանյանական երաժշտությամբ:

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» 3-րդ հանրապետական ուսանողական երգի մրցույթի հաղթողների գալա համերգ-մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչներն էին Առնո Բաբաջանյանի միջազգային հիմնադրամը եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը:

 

Մրցույթի եզրափակիչ փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի միջազգային հիմնադրամը: Գալա համերգն անց էր կացվում Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան): Մրցույթը բաղկացած էր 3 փուլից, մասնակցում էին Հայաստանի 22 բուհերի ուսանողներ, որոնցից 14-ն արդեն մրցանակակիրներ են:

 

Եզրափակիչ են անցել 22 մասնակիցներ, որոնց թվում` նաեւ Վրաստանից, Ռուսաստանից եւ Սիրիայից (ոչ մրցութային) ժամանած երիտասարդներ: Մասնակիցների կազմում կային պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներ: Ժյուրին նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը, անդամներին էին ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Մրցույթն ավարտվեց, մասնակիցներն արժանացան Մշակույթի նախարարության պատվոգրերի եւ հուշանվերների: Հաշվի առնելով մասնակիցների ձայնային առանձնահատկությունները՝ ժյուրին որոշել էր տղաների եւ աղջիկների առանձին մրցույթ անցկացնել: Երեւանի պետական համալսարանի ուսանողուհիները՝ Գայանե Մանուկյանը, Արփինե Խեչիկյանը, Անուշ Միքայելյանը, աղջիկների մրցույթում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը, իսկ տղաների մրցույթում պատվավոր 1-ին հորիզոնականում էր Տիգրան Գրիգորյանը:

 

«Ուրախ եմ, որ հաղթեցի, իսկապես սա ինձ համար մեծ պատասխանատվություն է ԵՊՀ-ի ղեկավարության նկատմամբ: Ես անցած տարի էլ էի մասնակցել, բայց 3-րդ տեղն էի գրավել: Իմ ընկերների համար էլ եմ ուրախ, որովհետեւ նրանք զբաղեցրին 2-րդ հորիզոնականը, նրանք էլ լավ երգեցին: Մենք այսօր ցույց տվեցինք, որ Մայր բուհը առաջատար է բոլոր բնագավառներում, ես այս հաղթանակը ԵՊՀ-ի հաղթանակն եմ համարում»,- ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Գրիգորյանը:

 

Կազմակերպիչները խոստացան, որ հաջորդ տարի «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երաժշտական փառատոնն արդեն կընդլայնի իր սահմանները եւ կդառնա միջազգային մակարդակի նախագիծ:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։