03.12.2008 | 
Հասարակություն
ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«Բնությունը շատ մեծ սխալ գործեց` նրան մեզնից տանելով»:

Այսպես իր խոսքը սկսեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը դեկտեմբերի 3-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված հուշ-երեկոյի ժամանակ: Լրանում է ֆակուլտետի նախկին դեկան Գառնիկ Անանյանի մահվան մեկ տարին: 

Միջոցառմանը ներկա էին երջանկահիշատակ Անանյանի ընկերները, գործընկերները, ընտանիքի անդամները, նախկին եւ ներկա ուսանողները եւ այլք, ովքեր ներկայացրին Գառնիկ Անանյան ժուռնալիստին, բանասերին, մանկավարժին, ընտանիքի հորը եւ ուղղակի մարդուն:

«Նրա պակասը շատ է զգացվում հատկապես այս օրերին, երբ տարբեր ամբիոններից անվերջ բարբաջանքներ են հնչում համալսարանի հասցեին: Նրա սիրտը միայն իր մասնագիտության, իր ընտանիքի համար չէր բաբախում: Բաբախում էր իր երկրի եւ իր ժողովրդի համար, իր համալսարանի համար: Անփոխարինելի մարդիկ քիչ են համալսարանում: Նրանցից մեկը Գառնիկ Անանյանն էր: Ինձ համար շատ կարոտալի է դարձել նրա «ազիզ» բառը, որով նա դիմում էր բոլորին` անկախ տարիքից» ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սկզբում հակիրճ ներկայացվեց նրա կենսագրությունը, իսկ ընթացքում ընթերցվեցին հատվածներ նրա` տարբեր տարիներին գրած ստեղծագործություններից: Գործընկերները ներկայացրին Գառնիկ Անանյանի գործունեությունը ֆակուլտետում, խոսեցին նաեւ կիսատ մնացած ծրագրերի մասին:

«Իր կյանքի վերջում մի զրույցի ժամանակ ասաց, որ անհատի մեծությունը հասկանալու համար պետք է կյանքը պատկերացնել առանց նրա: Նաեւ անընդհատ կրկնում էր, որ մեր ուսանողները պետք է լավագույն կրթություն ստանան ԵՊՀ-ում»,- Անանյանի մասին իր հուշերը պատմելիս ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: 

Լրագրության ֆակուլտետի «Ժուռնալիստ» թերթի հատուկ համարը ամբողջությամբ նվիրված էր ֆակուլտետի հիմնադրին: Բոլոր նյութերը պատրաստել էին առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողները, ովքեր նրան անգամ չէին էլ ճանաչում:

«Սա, իհարկե, խոսում է այն մասին, որ ֆակուլտետում դեռեւս շարունակում է թեւածել նրա ջերմությունը: Եվ դա զգում են բոլորը` ուսանող, թե դասախոս»,- իր շնորհակալական խոսքում ասաց նրա դուստրը` թատերագետ Նունե Անանյանը:

Միջոցառմանն իր կատարումներով առանձնահատուկ տրամադրություն հաղորդեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ապացույցների թույլատրելիության ինստիտուտի զարգացումը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում» խորագրով սեմինար-քննարկում։