29.09.2016 | 
Հասարակություն
«ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԿՐԹԵԼՆ Է…»
«ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԿՐԹԵԼՆ Է…»
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ընթացքում գործընկերները նշեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանի 80-ամյա հոբելյանը:

Պրոֆեսոր Յուրի Վարդանյանը 1975 թ.-ից մինչ օրս ղեկավարում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Տեսական ֆիզիկայի ոլորտում լուրջ ներդրում ունեցող մասնագետը և փորձառու մանկավարժը երկար տարիներ դասավանդել է մի շարք առարկաներ, պատրաստել բազմաթիվ կադրեր:

 

«Ձեր փառահեղ կենսագրության ու գիտական վաստակի առյուծի բաժինը Մայր բուհինն է: Կենսագրություն, որի բովանդակությունը սերունդներ կրթելն է, մարդկային արժեքներ փոխանցելը և տնտեսության համար ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետ պատրաստելը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ պրոֆեսորի կենսագրության հետ առնչվելը ոչ միայն հաճելի է, այլև ուսուցողական, քանզի կարելի է յուրացնել գիտության հանդեպ անհուն սիրո, նպատակասլացության, անդուլ աշխատասիրության, կրթական ու հետազոտական գործին նվիրվելու անգուգական օրինակներ:

 

Արամ Սիմոնյանը հոբելյարին փոխանցեց նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության՝ անվանի գիտնականին ուղղված մաղթանքներն ու շնորհավորանքները:

 

Պրոֆեսորին շնորհավորեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը. «Յուրի Վարդանյանը մտավորական է, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ բուհին, գիտությանը և երիտասարդ կադրերի պատրաստման նվիրական գործին: Նա, հիրավի, համարվում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հիմնադիրների մեկը, ով ջանք ու եռանդ չի խնայել երկրին արժանի մարդ ու որակյալ մասնագետ տալու գործում»:

 

Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ընկերներին ու հարազատներին՝ իրեն ուղղված բարի խոսքերի համար և նշեց, որ բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած են հենց հարազատ համալսարանի դասախոսների տված գիտելիքներն ու խորհուրդները:

 

«Իմ կյանքի գրեթե բոլոր ճյուղերը սերտորեն կապված են համալսարանի հետ: ԵՊՀ-ում ես դարձել եմ անհատականություն, ձեռք եմ բերել մասնագիտություն, լավ շրջապատ և ընկերներ, որի համար շնորհակալ եմ»,- հուզմունքը զսպելով՝ ասաց պրոֆեսորը: 

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: