30.05.2008 | 
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
Ապագա հոգեբաններն արդեն ունեն մասնագիտական ընթերցասրահ:
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի 313 լսարանում բացվեց ընթերցասրահ, որտեղ տեղ գտան մոտ 600 անուն անգլերեն մասնագիտական գրքեր, CD-ներ եւ DVD-ներ: Ընթերցասրահում գործելու է նաեւ ինտերնետային գրադարան: Ամբողջ ֆոնդը նվիրել է հոգեբանության դոկտոր Մելինե Գարագաշյանը: «Առանց գրականության հնարավոր չէ գիտություն ստեղծել եւ մասնագետներ պատրաստել: Կարծում եմ` համալսարանի այս մասնաշենքում անհրաժեշտ էր գրադարանի եւ ընթերցասրահի հիմնադրումը, իսկ այս նվիրատվությամբ ստեղծված գրադարանը կլրացնի անհարկի բացը»,- հույս հայտնեց Մելինե Գարագաշյանը: «Նման ընթերցասրահների բացումը նախ խթանում է ուսանողների, ապա նաեւ` դասախոսների ինքնուրույն, գիտական աշխատանքներով զբաղվելու հարցին: Ընթերցասրահը համալրվել է ե'ւ անգլալեզու, ե'ւ համաշխարահային գիտական գրականությամբ, ե'ւ բազմաթիվ հոգեբանական նոր մեթոդների վերաբերող գրքերով: Գաղտնիք չէ, որ հոգեբանները մշտապես հետազոտություններ են կատարում, եւ նման նոր մեթոդների կիրառումը կնպաստի գիտության խոր զարգացմանը»,- համոզված է Հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ. Ավանեսյանը: Իսկ նույն ֆակուլտետի ուսանողուհի Աննա Հակոբջանյանի կարծիքով` նման ֆոնդի ստեղծումը կարեւոր մոտիվացիոն գործոն է ավելի լավ սովորելու համար: «Սա պարզապես եւս մեկ քայլ է առաջ` ավելի խորացնելու սեփական գիտելիքներդ»,- համոզված է ուսանողուհին: Ի դեպ, Մելինե Գարագաշյանը եւ իր ամուսինը սահմանել են Հակոբ Ժամկոչյանի անվան մրցանակ, որը կտրվի այն երեք ուսանողներին, ովքեր կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության հոգեցնցման միջսերնդային փոխանցման նյութին առնչվող հասարակական եւ փիլիսոփայական մի շարք հարցեր: