09.04.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
ՎԵՐՆԻՍԱԺԸ` ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ
ՎԵՐՆԻՍԱԺԸ` ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Պարտադիր չէ, որ հոգեբանի հաստիքի անունը լինի հոգեբան:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը «Կառավարման եւ կազմակերպչական հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր վերնիսաժ հոգեբանների համար: «Այդ մասնագիտության նկատմամբ ուսանողների կողմից հետաքրքրություն կա, իսկ աշխատաշուկայի կողմից` այդ մասնագետների նկատմամբ:

 

Հասկացանք, որ մենք շուկայի հետ պետք է «երկխոսության» մեջ մտնենք, կողմնորոշենք դպրոցականներին դեպի հոգեբանությունը, իսկ բակալավրիատի ուսանողներին դեպի մագիստրատուրան»,- տեղեկացնում է ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Այս ամենը գումարվեց իրար եւ դարձավ հոգեբանական վերնիսաժ կազմակերպելու գաղափար: Անունը նույնպես առաջացել է քննարկման ընթացքում: Վերնիսաժը ենթադրում է ազատ մթնոլորտ, որտեղ կարելի է շփվել, գնել, վաճառել (իհարկե, մասնագիտության առումով):

 

Վերնիսաժի բացումն ազդարարեց կարմիր ժապավենը, որը կտրեցին Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Բաղդասարյանը, ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը եւ դոցենտ Սեյրան Ամիրյանը: Մագիստրատուրայի ուսանողները պատրաստել էին պաստառներ, որոնցից այցելուները կարող էին ինֆորմացիա ստանալ աշխատաշուկայի, մասնագիտության առանձնահատկությունների, հոգեբանի կարիերայի, ինչպես նաեւ ֆակուլտետի առօրյայի մասին: Անգամ ներկայացված էր վիճակագրություն այն մասին, թե տարվա որ ամիսներին են թափուր աշխատատեղերը շատանում: Այդ առումով «ամենապասիվ» ամիսը դեկտեմբերն է, իսկ ամենաակտիվը` մարտը:

 

Հոգեբանները դա բացատրեցին նրանով, որ դեկտեմբերը նախատոնական ամիս է, եւ մարդիկ նախընտրում են աշխատանքը չփոխել կամ դուրս չգալ աշխատանքից: Իսկ մարտին սկսվում է սեզոնային աշխատանքը` հիմնականում սպասարկման ոլորտում` բացօթյա սրճարաններ, առեւտուր եւ այլն: Ինչպես հավաստիացնում է Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Հասմիկ Վարդանյանը, այսօրվա աշխատաշուկայում այնքան էլ մեծ չէ հոգեբանի պահանջարկը: Ուսանողները պետք է իմանան, թե բացի հոգեբան աշխատելուց, էլ որտեղ կարող են կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները: Հատկապես մենեջմենթի բնագավառում հոգեբանները շատ անելիքներ ունեն:

 

Վերնիսաժը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն ապագա հոգեբանների, այլեւ ուրիշ ֆակուլտետների եւ բուհերի ուսանողների մեջ: «Ցանկացած մասնագետի անհրաժեշտ է հոգեբանության վերաբերյալ գիտելիքներ ունենալը, որովհետեւ դա օգնում է ավելի լավ հասկանալու քո մասնագիտությունը: Կարծում եմ` այս ցուցահանդեսը շատ օգտակար կլիներ շրջանավարտների համար, ովքեր մասնագիտական կողմնորոշման խնդիր ունեն:

 

Ես շատ կուզենայի, որ իմ ավարտելու ժամանակ մի այսպիսի ցուցահանդես լիներ` ինձ ինֆորմացիա տալու համար»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Հակոբյանը: Ցուցահանդեսի ողջ ընթացքում ցուցադրվում էին սոցիալական գովազդներ եւ ֆակուլտետի մասին պատմող տեսանյութեր: Ինչպես հավաստիացնում են կազմակերպիչները, վերնիսաժը դառնալու է ավանդական: Եթե այս տարի չհասցրիք որեւէ բան դիտել, ապա ստիպված եք սպասել հաջորդ տարվա ապրիլին:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։