09.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
«PR-Ը ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»
«PR-Ը ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Գովազդը եւ PR-ը հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով գիտաժողովը:

Այն կազմակերպել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: «Գիտենք, որ զարգացող աշխարհում PR-ի դերը շատ մեծ է ու կարեւոր, հատկապես երբ դա արվում է լրատվամիջոցի օգնությամբ: Շատ դեպքերում, առանց ԶԼՄ-ի օգնության, հնարավոր չէ արդյունավետ PR անել: Այդ պատճառով էլ որոշեցինք ուսումնասիրել հենց այս ոլորտը»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վարդիթեր Ղազարյանը:

 

Ուսանողները հիմնականում անդրադարձել են PR-ի տարբեր դրսեւորումներին, ինչպես նաեւ հեռուստա- եւ ռադիոգովազդի լեզվական եւ իրավական խնդիրներին: Ոմանք առաջարկել էին նաեւ դրանց լուծման որոշակի ուղիներ: «Որպես զեկուցման թեմա ընտրել եմ քաղաքական PR-ը, որովհետեւ մենք ամեն օր շփվում ենք դրա հետ` հաճախ ինքներս էլ չգիտակցելով:

 

Կարծում եմ, որ մենք PR մասնագետների եւ գրագետ PR-ի փորձի պակաս ունենք: Արտասահմանյան պրակտիկան մեզ համար շատ օգտակար կլինի, հատկապես եթե մեր մասնագետները պատրաստվեն կամ վերապատրաստվեն արտասահմանում»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մուղդուսյանը:

 

Զեկույցները պատրաստելիս ուսանողների հետ աշխատել են ֆակուլտետի դասախոսները, խորհուրդներ են տվել, իսկ գիտաժողովից առաջ ստուգել են աշխատանքները: 1-ին կուրսեցի Մերի Մամյանը դեռ չի անցել «Հանրային կապեր» եւ «Գովազդը ԶԼՄ-ում» առարկաները, սակայն փորձում է վերլուծել մեր լրատվամիջոցներում առկա PR տեխնոլոգիաների կիրառումը` իր բոլոր դրսեւորումներով:

 

«Իմ ընտրած թեման` «PR-ի դերը շոու-բիզնեսում», կարեւորում եմ, քանի որ երբեմն որոշ անհատների վարկանիշի բարձրացման համար լսարանին մատուցվում է ապատեղեկատվություն: Այսինքն`շատ հաճախ PR-ն ուղեկցվում է էթիկական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ օրենքի լուրջ խախտումներով»,- ասում է նա: «Այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ ի հայտ են գալիս այնպիսի ուսանողներ, որոնք իրենց ապագան տեսնում են ոչ միայն պրակտիկ լրագրության մեջ, այլեւ լրագրագիտության մեջ»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Ֆակուլտետի միջոցներով ձեռք են բերվել մի քանի անուն գրքեր, որոնք հավաստագրերի հետ հանձնվեցին գիտաժողովի մասնակից ուսանողներին: Դրանք հիմնականում պատմում էին PR-ի, գովազդի եւ ժուռնալիստիկայի պատմության մասին:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: