18.10.2006 | 
Մշակույթ
ԵՍ ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ՆԱԽԱՆՁՈՒՄ
ԵՍ ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ՆԱԽԱՆՁՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում հյուրընկալվեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Երգչուհին հակիրճ խոսեց իր մասին եւ սիրով պատասխանեց ուսանողների հարցերին:

Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչպես է երգչուհին կարողանում այսքան գեղեցիկ ու թարմ մնալ, Հասմիկը պատասխանեց. «Կարծում եմ դրա գաղտնիքն իմ կագապահության մեջ է, կարգապահություն եւ կյանքում, եւ աշխատանքում: Բացի այդ ես պարզապես ոչ ոքի չեմ նախանձում»:

Արդեն 17 տարի Հայաստանից դուրս ապրող երգչուհին հավաստիացրեց, որ եթե Հայաստանը զարգացած ու հարուստ երկիր էլ լիներ, նա միեւնույն է մեկնելու էր:


«Արվեստագետի եւ հատկապես երգչի մասնագիտական կյանքում այսօր Եվրոպան ոչ թե մեծ դեր ունի, այլ առանց դրա պարզապես անհնար է»,-ասում է երգչուհին,-«Հիմա ես ապրում եմ Վիեննայում: Աշխատանքիս բերումով ես շատ եմ ճանապարհորդում, լինում եմ բազմաթիվ երկրներում, բայց իմ տունը համարում եմ Երեւանն ու Հայաստանը եւ փորձում եմ որքան հնարավոր է հաճախակի լինել այստեղ»:

Պապյանը նշեց, որ ինքը երբեւէ կոնկրետ գործունեություն չի ծավալել` օգնելու հայ երիտասարդ երգիչ-երգչուհիներին իրենց տեղն արտասահմանյան բեմերում գտնելու համար: «Դա խիստ պատասխանատու գործ է եւ ես չեմ ուզում նման գործունեությամբ զբաղվել, այս դեպքում դու գործ ունես մարդու կյանքի հետ, եւ չես կարող նրան հուսախաբ անել»:

Աշխարհահռչակ երգչուհին նշեց, որ հայ հանդիսատեսը շատ բծախնդիր է եւ ցավով ավելացրեց, որ այսօր խիստ պակասել է դասական երաժշտությունը գնահատողների թիվը: «Մենք ամեն ինչ պիտի անենք վիճակը շտկելու համար: Կարծում եմ պետք է սկսել դպրոցներից: Ես չեմ հավատում, որ Մոցարտ ու Բեթհովեն սիրող պատանին կարող է փչացնել նստարանը կամ ապակի կոտրել»,-նկատեց Հասմիկ Պապյանը:

Հանդիպման վերջում երգչուհին ներկաների համար կատարեց «Կիլիկիա» երգը: Միջոցառման կազմակերպիչ` ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը հայտնեց, որ երգչուհին խոստացել է գարնանը` իր հաջորդ այցի ժամանակ, համալսարանականներին մի ամբողջ համերգ նվիրել:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։