25.04.2015 | 
Քաղաքականություն
ՀՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ՀՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Այսօր համալսարանականների հետ հանդիպեցին Հունաստանի Ազգային ժողովի նախագահ Զոյի Կոնստանտապուլոսն ու ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում գտնվելով Հայաստանում` Զոյի Կոնստանտապուլոսը ցանկություն էր հայտնել հանդիպում ունենալ Մայր բուհի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ ԵՊՀ հունագիտության կենտրոնում: Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանն ու հունարեն բաժնում սովորող ուսանողները:


Ողջունելով հյուրերին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այս օրերին մեզ համար թանկ են մեր այն բարեկամները, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Հայաստան: Պարոն Սիմոնյանը փաստեց, որ հայերը ամբողջ աշխարհում շատ բարեկամներ ունեն, և որ հատկապես առանձնահատուկ է Հայաստանի ու Հունաստանի բարեկամական կապը, իսկ այդ կապը հնուց է գալիս, և այդ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն:

«Կարևորելով Հունագիտության կենտրոնի գոյությունը՝ լիահույս ենք, որ այն առաջիկայում ևս շարունակելու է իր ակտիվ գործունեությունը և ավելի շատ ուսանողներ են ցանկություն հայտնելու սովորել հունարեն լեզուն և ուսումնասիրել հունական մշակույթը: Ավելին՝ Հայաստանում նրանք լինելու են հունական մշակույթի ու հույն գրականության տարածողները,- նշեց ռեկտորը, այնուհետև անդրադարձ կատարելով նաև Մայր բուհի պատմությանը՝ փաստեց,- ունենալով շուրջ 20.000 ուսանող, 3.000 աշխատող և ավելի քան 270 համալսարանների ու գիտական կենտրոնների հետ համագործակցություն՝ Հայոց համալսարանը շարժվում է ժամանակի մարտահրավերներին համապատասխան»:

Հունաստանի Ազգային ժողովի նախագահ Զոյի Կոնստանտապուլոսը, կարևորելով իր այցելությունը Հայաստանի Մայր բուհ, փաստեց, որ հունարենի դասավանդումը և հունական գրականության լայնածավալ ուսումնասիրությունը Հունաստանի հանդեպ Հայաստանի հետաքրքրվածության մասին է վկայում: Ազգային ժողովի նախագահի հավաստմամբ` այդ հետաքրքրությունը փոխադարձ է, և ինքն էլ անձամբ հայ մշակույթի երկարամյա երկրպագուն է:

«Այն փաստը, որ Հայաստանի Մայր բուհում գործում է Հունագիտական կենտրոն, շատ նպատակային է, քանզի կարևորվում է մեր երկու երկրների դերն ու բարեկամական ընդհանուր կապը: Հունաստանի Կառավարության պարտականությունն է, այս օրերին գտնվել հայ ժողովրդի կողքին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարբեր երկրների կողմից տարվող գործընթացները Հայոց ցեղասպանությունը տանեն դեպի միջազգային ճանաչման: Եվ թերևս պատահական չէ, որ հույն ժողովուրդը հայերին համարում է իր եղբայրը»,- նշեց Զոյի Կոնստանտապուլոսը՝ հավելելով, որ Հունաստանում հայ համայնքը ակտիվ կյանք է վարում:

ԵՊՀ ռեկտորը, դիմելով հունարեն ուսումնասիրող ուսանողներին, հորդորեց, որ լավ սովորեն, քանի որ տարիներ անց հենց նրանց մեջ են լինելու այն շրջանավարտները, որոնք դասավանդելու են եկող սերնդին: Հունարենը լուրջ և միևնույն ժամանակ դժվար լեզու է, իսկ խելացի կադրեր ունենալու դեպքում պարոն Սիմոնյանը չբացառեց նաև, որ ԵՊՀ-ում մագիստրոսական ծրագրեր բացվեն: Տեղեկացնենք նաև, որ արդեն երեք տարի է, ինչ Ռուս բանասիրության ֆակուլտետում գործում է հունարեն լեզվի բաժինը: Բաժնում սովորում են 30 ուսանողներ:

Հայաստանի և Հունաստանի նախագահների կողմից Հունագիտության կենտրոնը Մայր բուհում բացվել է 1999 թ.-ին: Հունագիտության կենտրոնի գրադարանը Հայաստանում ամենամեծն է, որում տեղ են գտել հունական գրականության հին ու ժամանակակից ինչպես գեղարվեստական ստեղծագործությունները, այնպես էլ գիտական ուսումնասիրությունները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 34 կողմ ձայնով ֆակուլտետի դեկան է վերընտրվել ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանը:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում միաձայն ֆակուլտետի դեկան է վերընտրվել Նաղաշ Մարտիրոսյանը: