22.12.2008 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ԱՐՎԵՍՏԸ` ԳԻՏՈԻԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ
ԱՐՎԵՍՏԸ` ԳԻՏՈԻԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ
Այս տարի լրանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի 50-ամյակը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվող «ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է » հանդիպումների շարքի այս տարվա վերջին հյուրերը ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչներն էին: Հանդիպման մասնակիցները շուրջ երկու ժամ մշակույթի ու արվեստի մասին խոսում էին գիտության լեզվով:

 

Մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի միանգամից հինգ ներկայացուցիչներ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստագիտության վաստակավոր գործիչ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը, ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկ., պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյանը, ինստիտուտի փոխտնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը:

 

1958թ-ին ընդամենը չորս բաժին ունեցող ինստիտուտն այսօր բազմաթիվ սեկտորներ ու Հայաստանում ամենամեծ ձայնադարանն ունի: Ու թեպետ ինստիտուտի հիմնադրման տարվա համեմատությամբ աշխատակիցների թիվը նվազել է կիսով չափ, ինստիտուտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այսօր էլ ինստիտուտում աշխատում են մեծ նվիրումով: ԵՊՀ-ում քննաշրջան է, եւ հանդիպմանը համեմատաբար քիչ ուսանողներ էին մասնակցում, սակայն զրույցը ակտիվ էր ու շատ անմիջական:

 

Ուսանողները հրաշալի հնարավորություն էին ստացել իրենց հուզող սովորական հարցերի մասին խոսել նաեւ գիտական տերմիններով: Հյուրերը գիտական գործունեությանը զուգընթաց ունեն նաեւ մանկավարժական փորձ, ուստի ուսանողներին հասկանում էին կես խոսքից: Գիտական սահմանումներից բացի, նրանք հաճույքով ուսանողների հարցերին պատասխանում էին` որպես մասնագետ, քաղաքացի եւ պարզապես որպես մարդ, ով ապրում է մեր կողքին եւ մեր ժամանակներում: Հանդիպումից հետո ԵՊՀ մշակույթի կենտրոնի հուշամատյանում հյուրերը գրառումներ թողեցին:

 

Նրանք համոզված են, որ նման հանդիպումները կարեւոր եւ ուսանելի են ոչ միայն երիտասարդ, սկսնակ արվեստաբանների եւ մշակութաբանների, այլեւ արդեն կայացած եւ հեղինակություն վայելող գինականների համար: «Նման հանդիպումները ոչ միայն ամրապնդում են կապերը գիտական եւ կրթական մեր երկու առաջատար կենտրոնների` ՀՀ ԳԱԱ-ի եւ ԵՊՀ-ի միջեւ, այլեւ նպաստում են հայկական գեղարվեստական բազմադարյան եւ հարուստ մշակույթի հանդեպ երիտասարդության մեջ հետաքրքրություն եւ սեր արթնացնելուն»,- նշված է գրառման մեջ:

 

Հյուրերի գրառումներն ավարտվում են «Հանդիպման ակնկալիքով» բառերով: Այդ ակնկալիքն ունեն նաեւ ուսանողներն ու ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը խոստանում է, որ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ հանդիպումը վերջինը չի լինի:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։