04.05.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ» ԹԱՏՐՈՆ-ՍՏՈՒԴԻԱՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ» ԹԱՏՐՈՆ-ՍՏՈՒԴԻԱՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
2005 թվականին հիմնադրված «Համալսարանական» թատրոն-ստուդիան սկզբում գործել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կազմում:

5-ամյակի կապակցությամբ թատրոն-ստուդիան բեմադրել էր «Ընկեր Բ. Փանջունի» (ըստ Երվանդ Օտյանի) ներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ: Հինգ տարվա գործունեություն եւ արդեն հինգ ներկայացում: Հանդիսատեսն իսկապես տպավորված էր հեռանում, քանի որ բեմադրությունը, այն թեման, որ արծարծվում է պիեսում, մերօրյա է, շատ արդիական, ներկայացման հերոսներից շատերը իրական են, ովքեր ապրում եւ գործում են մեր կողքին:

 

Բեմադրության մեջ պիեսի հեղինակ եւ Փանջունու դերակատար Արթուր Գեղամյանի կողմից կատարվել էին որոշ փոփոխություններ, եւ երբեմն հնչում էին արտահայտություններ, որոնք առավել ժամանակակից լույսի տակ էին ներկայացնում հերոսներին եւ առավել զավեշտալի դարձնում նրանց: Ներկայացման մեջ հնչում էին երգեր, որոնց տեքստերի հեղինակները դերակատարներ Սոսի Խանիկյանն ու Արթուր Գեղամյանն էին: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանը, ով նաեւ ներկայացման բեմադրիչն է, հույս հայտնեց, որ այս ներկայացումը դեռ գտնելու է իրեն եւ դեռ երկար լինելու է բեմում: «Նույնիսկ պրոֆեսիոնալ թատրոններում ասում են, որ ներկայացումը առնվազն հինգ անգամ պետք է խաղալ, որ այն «տեղը նստի»: Ես միշտ ասում եմ, որ շատ ստեղծագործություններ կան, որոնց բեմադրության պահը պետք է հասունանա, ասելիքը լինի, եւ կարծում եմ, որ այս ստեղծագործությունը բեմադրելու պահը մեզ մոտ արդեն հասունացել էր»:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով թատրոն-ստուդիայի ստեղծագործական կազմին, ասաց, որ իրենց շնորհիվ համալսարանի ուսանողությունն ու աշխատակիցների մի մասը հաղորդակից են լինում բարձրարժեք ներկայացումների. «Մենք իսկապես հպարտանալու բան ունենք` հաշվի առնելով այն, որ բեմում ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են: «Համալսարանական» թատրոն-ստուդիայի շնորհիվ մենք հիմա ունենք հանդիսատես-ուսանող: Այսինքն` ունենք թատերասեր ուսանողներ, որոնց համար թատրոնը տոն է, քանի որ թատրոնը, ճաշակ ձեւավորելուց բացի, ձեւավորում է նաեւ աշխարհայացք եւ քաղաքացիներ: Ուրախ եմ, որ գործում է թատրոն-ստուդիան, կա էնտուզիաստների այն խումբը, որ բեմադրում են այս ամենը, եւ մաղթում եմ, որ թատրոնը հարատեւի»,-ասաց Արամ Սիմոնյանը:

 

ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ստուդիայի ստեղծման ակունքներում է եղել եւ հենց իր առաջարկով էլ բեմադրվել է «Ընկեր Բ. Փանջունի» ստեղծագործությունը: «Շատ հուզիչ եւ նվիրական պահ է անձամբ ինձ համար, քանի որ սրանից մի քանի տարի առաջ մի խումբ մարդկանցով հասկացանք, որ համալսարանական կրթությունը անշուշտ ենթադրում է արտալսարանային լավ կազմակերպված առօրյա, որը ոչ ֆորմալ կրթության որոշակի ձեւ է»,-ասաց Արսեն Քարամյանը:

 

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը թատրոն-ստուդիային նվիրաբերեց 1մլն. դրամ, եւ ինչպես ասաց Շրջանավարտների միավորման նախագահ պարոն Քարամյանը, ակնկալվում է, որ ներկայացումը վերջնական տեսքով մեկ-երկու ամսից կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի, մասնագիտությամբ ռեժիսոր Նունե Մադոյանն ասաց, որ իսկապես ներկայացումից ստացել է այն, ինչ սպասում էր, քանի որ ուշադրություն էր դարձված ամեն մի մանրուքի:

 

Ապագա ռեժիսորին հատկապես դուր է եկել երկրորդ գործողության սկիզբը, ու ըստ նրա` շարժական վարագույրի պարբերաբար օգտագործումը տեղին էր: Մանկավարժական համալսարանի ուսանողուհին կարեւորեց նաեւ այն, որ «Համալսարանական» թատրոնը համագործակցում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի հետ, եւ հույս հայտնեց, որ մի օր իրենց բուհի հետ նման համագործակցություն կլինի:

 

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի 5-ամյակի կապակցությամբ տպագրվել էր նաեւ բուկլետ, որտեղ ներկայացվում է ոչ միայն թատրոնի անցած ճանապարհը, բեմադրված ներկայացումները, այլեւ շատ հայտնի թատերական գործիչների` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի, Մարտին Վարդազարյանի ( ով նաեւ այս ներկայացման կոմպոզիտորն է), ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանի եւ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի ողջույնի խոսքերն ու բարեմաղթանքները:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։