01.09.2007 | 
Հասարակություն
ՆՐԱՆՔ 26-Ն ԷԻՆ…
ՆՐԱՆՔ 26-Ն ԷԻՆ…
Մայր բուհում բացվեց Արցախում զոհված ուսանող ազատամարտիկների անունը կրող հինգ լսարան:

Ուսումնական տարվա հենց առաջին օրը Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսեցիները դիմավորեցին նորոգված ու նոր կահավորված լսարաններում: ԵՊՀ ռեկտորի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ իրականացված միջոցառումը, ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, մեծ դաստիարակչական նշանակություն ունի: 

«Նրանք 26-ն էին` այն համալսարանականները, ովքեր իրենց աշխատասենյակներն ու լսարանները թողեցին ու գնացին պաշտպանելու հայության արդար գործը: Համալսարանը որոշել է բոլորի անուններով մեր բուհում լսարաններ բացել »,-ասաց ռեկտորը: 

Իրավագիտության ֆակուլտետում միանգամից երկու լսարան բացվեց` այդ ֆակուլտետի հավերժ ուսանողներ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) եւ Տիգրան Սարգսյանի անվան: «Այն, որ մենք լսարաններ ենք բացում հենց սեպտեմբերի 1-ին եւ հենց առաջին կուրսեցիների համար, ճիշտ քայլ է: Հերոսների հայացքի ներքո դասեր անցկացնելը չի կարող հերոսական ոգի չդաստիարակել: Չէ՞ որ իրենց հայրենիքում լավ սերունդ դաստիարակելու երազանքի համար ընկան այս տղաները»,- ասաց իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: 

Լսարանները նորոգվել են բարերարներ Արթուր Հովակիմյանի եւ Մանվել Մկրտչյանի տրամադրած նյութական միջոցներով: Լուսանկարներից խաղաղ նայող ազատամարտիկների հայացքների ներքո ապագա իրավաբանները ներկաներին եւ զոհվածների հարազատներին խոստացան հարկ եղած դեպքում գրչի փոխարեն սուր վերցնել: 

«Պետոն իմ ֆակուլտետի ամենասովորական ուսանողներից մեկն էր: Մի օր նա անհետացավ: Իմացանք` պատերազմ է գնացել: Թերեւս բոլոր հերոսներն այդպես են»,- հիշում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը, ում ղեկավարած ֆակուլտետում բացվեց ԼՂՀ հերոս Պետրոս Ղեւոնդյանի անվան լսարան: 

Բանասիրության ֆակուլտետում ուսանող Սամվել Գեւորգյանին նույնպես ակտիվ չես անվանի. համեստ էր, հանգիստ, օրինավոր: Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը կարծում է, որ հենց օրինավոր լինելն է նրան մի օր հանդիպեցրել այդ չարաբաստիկ գնդակին: «Այսօր մեր որդիներին կարծեք թե կրկին կյանքի կոչեցին: Եվ միայն համալսարանն անմահացրեց իր հերոսների անունները: Շատ ճիշտ է, որ ազատամարտիկների անուններով հիմնվեցին լսարաններ, ոչ թե հուշասենյակներ»,- ասաց Սամվելի մայրը (Վերջին երկու լսարանները նորոգվել են ԵՊՀ նյութական միջոցներով): 

Մահապարտների ջոկատի անդամ Վարդան Հովհաննիսյանը սիրող ու հոգատար որդի էր: Երբ կամավոր էր գրվում, Վազգեն Սարգսյանն ասել է. «Գնա գիտությամբ զբաղվի, քննություն հանձնի»: Վարդանն էլ թե. «Ես տղամարդ դառնալու քննություն պիտի տամ… Արցախում»: Ու գնացել է: Այդ մասին մայրը` տիկին Սալբին, իմացել է մոտ տասը տարի անց: Իսկ այսօր նրա հերոս որդու անունն է կրում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը (նորոգվել է Աշոտ Իսահակյանի դրամական միջոցներով): 

«Այս տղաներն իրենց շուրթերով են գծել մեր հայրենիքի սահմանները,- ասաց Մահապարտների ջոկատի ղեկավար Աստվածատուր Պետրոսյանը:- Իսկ այդ շուրթերը երազում էին սիրուն աղջկա համբույրի մասին, որ այդպես էլ չառան…»:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօրվանից վերսկսել է սոցիալական ծրագրերի իրականացումը: