11.06.2009 | 
Կրթություն, Գիտություն
ԱՐԺԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԱՐԺԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՐԺԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԱՐԺԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Հունսիսի 11-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսը:

«Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով քառօրյա գիտաժողովին, բացի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից ու ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից, ներկա էին 50 երկրների 89 համալսարանների եւ գիտահետազոտական կենտրոնների 300-ից ավելի գիտնականներ ու պրոֆեսորներ:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից նախ ողջունեց կոնգրեսի մասնակիցներին, այնուհետեւ ներկայացրեց տնտեսական ճգնաժամի վերաբերյալ մի շարք դատողություններ եւ հետեւություններ: «Հպարտ ենք, որ այս նշանակալից միջոցառումն այս բեկումնալից ժամանակաշրջանում անցկացվում է հենց Հայաստանում: Մարդկության պատմության ներկայիս ժամանակահատվածը ծնում է աշխարհում տեղի ունեցող սոցիալական ֆենոմենների պրոֆեսիոնալ մեկնաբանման անհրաժեշտություն: Մենք հուսով ենք, որ կոնգրեսը կօգնի մոտենալ մեզ հետաքրքրող որոշ հարցերի պատասխաններին: Վստահ եմ, որ մասնակիցների մասնագիտական բարձր մակարդակը լավ նախադրյալ է, որպեսզի կոնգրեսի ընթացքում ծնվեն նոր, առաջադեմ գաղափարներ եւ ընդլայնվեն յուրաքանչյուր մասնակցի աշխարհընկալման շրջանակները»,- հավելեց Տիգրան Սարգսյանը: Կոնգրեսի մասնակիցներին ողջունեցին նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը եւ Սոցիոլոգիական միջազգային ասոցիացիայի նախագահ Միշել Վիվյորկան: «Կրթությունը եւ մշակույթը դարեր ի վեր կարեւոր դեր են խաղացել հայ ժողովրդի ազգային եւ կրոնական ինքնությունը պահպանելու գործում: Այդ առումով անուրանալի է կրթական հաստատությունների դերը: Կրթօջախներ, որոնց արժանի ժառանգորդն եղավ Հայոց համալսարանը, որի 90-ամյակն ենք նշում այս օրերին: Ուստի մեզ համար նշանակալից է այսպիսի կարեւորագույն իրադարձության կենտրոնում գտնվելը: Վստահ եմ, որ կոնգրեսը թույլ կտա ավելի լավ հասկանալ աշխարհը, տեղի ունեցող փոփոխությունները եւ մեզ առաջադրվող մարտահրավերները»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Սոցիոլոգիական միջազգային ասոցիացիայի նախագահ Միշել Վիվյորկան, բացի ողջույնի խոսքից, բավականին հակիրճ ներկայացրեց հասարակական կյանքում, ինչպես նաեւ ճգնաժամերի հաղթահարման գործում սոցիոլոգիայի դերի ու նշանակության վերաբերյալ որոշ դատողություններ: Կոնգրեսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը եզրափակեց Լյուդմիլա Հարությունյանը. «20-րդ դարը մեր ժողովրդի համար խոչընդոտներով լի ժամանակաշրջան է եղել:

 

Մենք դիմակայել ենք բնության արհավիրքներին, տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամերին, սակայն այսօր ունենք պետականություն եւ գիտական լուրջ ներուժ: Կարող է արդյոք գտնվել մի սոցիոլոգ, որը կբացատրի, թե ինչպես ենք մենք հաղթահարել այդ ամենը: Այստեղ հավաքված բարձրակարգ մասնագետների համար, կարծում եմ, սա արժանի մարտահրավեր է: Վստահ եմ, որ Հայաստանը սոցիոլոգիայի համար կարեւոր լաբորատորիա կարող է հանդիսանալ»:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: