07.10.2021 | 
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ANTON PAAR LITERSIZER 500» ՍԱՐՔԸ
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ANTON PAAR LITERSIZER 500» ՍԱՐՔԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր ներկայացվել է «Anton Paar Litersizer 500» սարքը, որը նախատեսված է նանոմասնիկների ուսումնասիրության համար, այն օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում՝ հատկապես երեք ռեժիմով չափումներ կատարելու համար (դինամիկ, էլեկտրաֆորետիկ, ստատիկ լուսացում):

Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի սարքը ձեռք է բերվել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» շրջանակում:

 

Հանդիպմանը ներկա էին Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, ամբիոնի դասախոսներ, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Եվա Դալյանը, Հայաստանում «Anton Paar» ընկերության միակ պաշտոնական  ներկայացուցիչ «Concern-Energomash» ընկերության անալիտիկ բաժնի ղեկավար Գայանե Խաչվանքյանը:

 

Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, խոսեց սարքի ձեռքբերման կարևորության մասին. «Ավստրիական «Anton Paar» ընկերության այս սարքը նախատեսված է նանոմասնիկների ուսումնասիրության համար, այն օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում: Սարքի օգտագործումը  հնարավորություն կտա բարելավելու ոչ միայն ֆակուլտետի գիտական, այլև ուսումնական  գործունեությունը»:

 

Ամբիոնի վարիչը հավելեց, որ սարքը վերջին սերնդի արտադրանք է, առավել զարգացած հնարավորություններով և կատարելագործված, հանրապետությունում միակն է, ինչը պարտավորեցնում է այն լիարժեք օգտագործել:

 

Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մանրամասն ներկայացրեց սարքի հնարավորությունները, տեխնիկական բնութագիրն ու առանձնահատկությունները. «Սարքի կիրառությունը բավականին մեծ է, հատկապես կենսաբժշկության, հանքարդյունաբերության ոլորտներում, կլինիկական հետազոտություններում, սննդի արտադրությունում: Սարքը հնարավորություն ունի երեք ռեժիմով չափումներ կատարելու՝ դինամիկ, էլեկտրաֆորետիկ և ստատիկ լուսացրման մեթոդներ»:

Ամբիոնի դոցենտը մանրամասն խոսեց յուրաքանչյուր մեթոդի մասին, ինչից հետո սարքը փորձարկեցին՝ չափումներ կատարելով: 

 

Հասմիկ Ասլանյան