- Տիկի՛ն Գևորգյան, նախ շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ: Կպատմե՞ք համալսարանական Ձեր բազմամյա ուղու մասին:
- Ես համալսարան եմ մտել մեծ սիրով: Սովորել եմ Բանասիրության ֆակուլտետում, այնուհետև՝ 1968 թվականի հոկտեմբերից, 20 տարի աշխատել եմ Քիմիայի ֆակուլտետում, ապա՝ Ընդհանուր բաժնում, հետո տեղափոխվել եմ թանգարան: Այն այսօր կրում է Լյուդվիգ Ղարիբջանյանի անունը: Նա հրաշալի անձնավորություն էր, կարող եմ ասել՝ իսկական մեծություն, ես շատ երջանիկ եմ, որ ճանաչել եմ նրան: Համալսարանական տասնյակներիս ընթացքում շփվել եմ մարդկանց հետ՝ հրաշալի, տաղանդավոր, սովորական, նաև մեծությունների, որոնցից անսահման սեր ու ջերմություն եմ ստացել: Կարող եմ ասել՝ համալսարանն իմ սերն է, այն սրբավայր է ինձ համար, որտեղ մեծացել եմ, ու այլևս չեմ պատկերացնում իմ կյանքն առանց համալսարանի:
- Ինչպիսի՞ն է իսկական համալսարանականի կերպարը Ձեր պատկերացմամբ:
- Առաջին հերթին՝ նվիրյալ, խելացի, ազնիվ, ճշտապահ, մարդկանց հետ փոխհարաբերություններում՝ բարեհամբույր, առանց չարախոսելու:
- Ինչպե՞ս է սկսվել Ձեր ստեղծագործական ուղին, ո՞րն է կոլաժներ ստեղծելու՝ Ձեր ներշնչանքի աղբյուրը:
- Ես ժողովրդական վարպետ եմ, մոտ 20 տարվա ընթացքում ունեցել եմ 18 անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով 600 կոլաժ, որոնց մի մասը նվիրել եմ պատահական այցելուներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլոր աշխատանքներս կազմված են թափոններից, ես աշխատում եմ այնպիսի նյութերով, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման համար՝ այդպիսով երկրորդ կյանք ու վերածնունդ տալով դրանց. դա է ընկած իմ ստեղծագործության հիմքում: Ի դեպ, կոլաժներս չեմ վերնագրում՝ թողնելով դիտողի երևակայությանը: Առաջին ցուցահանդեսս տեղի է ունեցել 2004 թ.: Ունեցել եմ նաև ուսուցողական ցուցադրություն, նպատակ եմ ունեցել երեխաների մեջ սեր արթնացնելու արվեստի նկատմամբ, ներշնչելու ոչ պիտանի նյութերին երկրորդ կյանք տալու իմաստը: Շնորհակալագիր ու պարգևատրում եմ ստացել տարբեր ցուցասրահներից: Կոլաժների համար գործածում եմ գրեթե ամեն ինչ՝ բացի երկաթից. ծառի ճյուղ, չորացած ծաղիկ, կտոր, կոճակ, ուլունք, թուղթ, թեփ, խխունջի խեցի և այլն:
Իսկ ամեն ինչ սկսվեց հատված ծառի տեսքից. մեր բակում ծառ էին կտրել, և ես, տեսնելով ընկած ծառը, մտածեցի, որ կարելի է դրա ճյուղերից արվեստի գործ ստեղծել: Իջա բակ, հավաքեցի ճյուղերը, ու հատված ծառն իմ կյանքում մի նոր փուլի սկիզբը դարձավ, որը շարունակվում է առայսօր:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Մենք ընտանիքով, կարելի է ասել, համալսարանական ենք: ԵՊՀ-ում կրթություն ստանալը կարծես թե ընտանեկան ավանդույթ է. ամուսինս՝ Համբարձում Խաչատրյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, ամբիոնի պատվավոր վարիչ, մոտ 30 տարի եղել է նույն ամբիոնի վարիչը: Աղջիկս լեզվաբան է, «Իսպաներեն» բաժնի առաջին շրջանավարտներից, աշխատում է դպրոցում: Տղաս բժիշկ է, ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, սովորել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
- Գարնան սկզբին նախատեսում եմ ևս մեկ անհատական ցուցահանդես ունենալ, ներկայացնել այս տարիների ընթացքում ստեղծածիս լավագույն նմուշները:
- Ո՞րն է Ձեր երազանքը:
- Երազում եմ, որ ԵՊՀ-ն պահպանի փառքն ու հեղինակությունը: Ցանկանում եմ, որ մեր Մայր բուհը լավագույնը լինի բոլոր առումներով:
Հասմիկ Ասլանյան