14.09.2020 | 
Հասարակություն
«ԵՐԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՍ ՔՈ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԴՐԱ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԸ, ԵՐԲԵՎԷ ՈՒՆԵՑԱԾ ԱՄԵՆԱԱՆՆՇԱՆ ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«ԵՐԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՍ ՔՈ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԴՐԱ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԸ, ԵՐԲԵՎԷ ՈՒՆԵՑԱԾ ԱՄԵՆԱԱՆՆՇԱՆ ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 4 ասպիրանտի ներկայացրած թեմաները հաղթող են ճանաչվել Գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթում և ստանալու են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Ռազմիկ Սարգսյանը մրցույթի հաղթողներից է:

Ներկայացրած թեմայի, կարևորության, արդիականության և այլ հարցերի շուրջ ysu.am-ը զրուցել է մրցույթի հաղթող Ռազմիկ Սարգսյանի հետ:

 

-         Ի՞նչ թեմա եք ներկայացրել մրցույթին: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը:

-         Մրցույթին ներկայացրել եմ «Հայաստանում տարածված էպիֆիտային և էպիլիտային քարաքոսերի կենսատեխնոլոգիական ներուժը» թեման, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տարածված քարաքոսերի հակաբակտերիական, հակավիրուսային, հակացիտոտոքսիկ կամ ցիտոտոքսիկ, հակապարազիտային հատկությունները, դրանց քիմիական կազմը: Թեման ընտրել եմ նախ այն պատճառով, որ Հայաստանում քարաքոսերը քիչ են ուսումնասիրված, չնայած դրանք բավականին հետաքրքրաշարժ համակեցային օրգանիզմներ են՝ կազմված երեք բաղկացուցիչ օրգանիզմներից, և այդ համակեցության արդյունքում արտադրում են մի շարք միացություններ, որոնք դրսևորում են  կենսաբանորեն ակտիվ ակտիվություն: Եվ քանի որ Հայաստանում նմանատիպ հետազոտություններ դեռևս չեն արվել, որոշեցինք այդ թեմայի ուղղությամբ աշխատել: Նշեմ, որ հետազոտությունները սկսել եմ դեռևս մագիստրատուրայում:

 

-         Ի՞նչ մարտահրավերներ ու խնդիրներ կան ոլորտում:

-         Քանի որ թեման նոր է, և առաջինը Հայաստանում մենք ենք այն սկսել ուսումնասիրել, փորձի փոխանակման խնդիր կա, այսինքն՝ որևէ խնդրի բախվելիս մենք չենք կարող ինչ-որ մեկից օգնություն ակնկալել, հիմնական աշխատանքը կատարում ենք ինքներս՝ համապատասխան գրականություն ուսումնասիրելով և փորձելով տարբեր աղբյուրներից տեղեկություններ գտնել, սովորել սեփական սխալների վրա:

 

-         Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք Ձեր ոլորտում:

-         Կարծում եմ՝ քարաքոսերի ուսումնասիրությունը նոր ոլորտ է և խոստումնալից, քանի որ դաշտն ամբողջովին ազատ է, ուստի կցանկանայի, որ ուսումնասիրությունների մեջ ավելի շատ երիտասարդ մասնագետներ ու ուսանողներ ներգրավված լինեին: Դրա համար պետք է և՛ բավարար չափով տեղեկացված լինել, և՛ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ունենալ՝ ավելի ինտենսիվ փորձեր սկսելու համար, քանի որ առանց բավարար միջոցների ամեն ինչ շատ ցածր մակարդակով է արվում: Իսկ այս ծրագրի շնորհիվ հնարավորություն ստացանք ավելի խորը և լայնածավալ ուսումնասիրություններ անելու:   

 

-         Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-         Դպրոցական տարիներին ցանկանում էի բժիշկ դառնալ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: Բակալավրիատում սովորել եմ Կենդանաբանության ամբիոնում, իսկ հետո, երբ ընկերներով որոշեցինք մանրէաբանության վերաբերյալ ստարտափ կազմակերպել, հասկացանք, որ մեզ ավելի խորը գիտելիքներ են անհրաժեշտ այդ ոլորտում, ուստի որոշեցի մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակել Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում: Երբ զբաղվում ես քո սիրելի աշխատանքով ու տեսնում դրա վերջնարդյունքը, երբևէ ունեցած ամենաաննշան կասկածներն անգամ վերանում են:

 

-         Ի՞նչ դեր է ունեցել ԵՊՀ-ն Ձեր՝ որպես մասնագետի կայացման հարցում:

-         ԵՊՀ-ում եմ ծանոթացել իմ ղեկավարներ, ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Թռչունյանի և դոցենտ Հովիկ Փանոսյանի հետ, որոնք շատ մեծ դեր են ունեցել իմ՝ որպես մասնագետի կայացման հարցում: Շատ եմ կարևորում նաև դասախոսների հետ փորձի փոխանակումն ու գործնական պարապմունքները:

 

-         Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-         Ես և ընկերներս ունենք մեր երաժշտական ռոք խումբը, որտեղ ես բաս կիթառ եմ նվագում, սիրում եմ մասնակցել տարբեր արշավների: Ազատ ժամանակ, կախված տրամադրությունից, ընթերցում եմ և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական գրքեր: Նախընտրում եմ գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ ժանրի գրականություն: 

 

 

Հասմիկ Ասլանյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։