24.12.2021 | 
Հասարակություն
ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտելիքի դպրոց» ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, ծրագրի համակարգող Լիլիթ Իշխանյանը, ինչպես նաև ծրագրի բանախոսներ, ուսանողներ, հյուրեր:

 

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ինչից հետո Դ. Ափոյանը նշեց՝ կյանքի կոչված ծրագիրը, որը 2020 թվականին ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախագահ ընտրված Գևորգ Արշակյանի գաղափարներից էր, աննախադեպ է իր տեսակով և բովանդակությամբ:

 

Նրա փաստմամբ, եթե չլինեին Գևորգն ու այն մարդիկ, որոնք կիսում են նրա գաղափարները, ապա հավանաբար այս ծրագիրը երբևէ իրականություն չէր դառնա. «Շնորհակալ եմ ծրագրի մասնակից բոլոր բանախոսներին և շնորհավորում եմ ուսանողներին ձեռք բերած արժեքավոր փորձի ու գիտելիքի կապակցությամբ»:

 

 

Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտորը, որն իրականացրած ծրագիրը բնորոշեց մեկ բառով՝ երազանք. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ կյանքի է կոչվել մի ծրագիր, որի հեղինակը երազող և երազանքով ապրող երիտասարդ էր»:

 

Հ. Հովհաննիսյանը երիտասարդներին կոչ արեց երազել, հետո այդ երազանքը գաղափարի վերածել և այն իրականացնելով՝ նպաստել բուհի ու պետության զարգացմանը:

 

 

Ելույթով հանդես եկավ Լ. Իշխանյանը՝ ներկաներին տեղեկացնելով, որ դպրոցն ՈՒԽ շրջանակում գործում է 2021 թվականից և բաղկացած է 9 դասընթացներից: Ծրագրին դիմած ավելի քան 250 ուսանողից դպրոց են ընդունվել 130-ը, որոնցից 83-ն են հաղթահարել եռամսյա դասընթացները, ամփոփիչ ստուգարքներն ու ակտիվ մասնակցություն ցուցաբերել դասերին:

 

Նա հավելեց, որ «Գիտելիքի դպրոցի» շրջանակում կազմակերպվել են ճանաչողական այցեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ մասնակիցները ծանոթացել են համալսարանի պատմությանը, այցելել են նաև «Ինժեներական քաղաք»՝ ներկա գտնվելով PCB արտադրության ողջ գործընթացին:

 

 

««Առանց կրթության չկա ապագա», ասում էր Գ. Արշակյանը, որի անունով էլ այսուհետ կոչելու ենք դպրոցը: Մեր ուսանողներից մեկի անանուն առաջարկությամբ՝ որոշել ենք ավելացնել ևս մեկ դասընթաց, որի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր՝ ինչ կարող ենք անել մեր հայրենիքի համար, ինչպես ենք պատկերացնում մեր երկիրը տարիներ անց, ինչ է հայրենիքը, և որքանով կկարողանանք իրականացնել Գևորգ Արշակյանի երազանքը»,- եզրափակեց Լ. Իշխանյանը: 

 

Ելույթով հանդես եկավ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց որդու ընկերներին նրա հերթական երազանքն իրագործելու համար, ապա շեշտեց, որ գիտելիքն ու միայն գիտելիքն է հզոր պետություն ունենալու գրավականը:

 

Ելույթներ ունեցան նաև «Գիտելիքի դպրոց» ծրագրի բանախոսները:

 

 

Միջոցառման վերջում ծրագրի մասնակից ուսանողները ստացան դպրոցն ավարտելու մասին փաստող հավաստագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: