05.11.2021 | 
Հասարակություն
«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Հակոբյանի «Սեր և պատերազմ» գրքի շնորհանդեսը:

15-էջանոց գրքում հեղինակը զետեղել է սիրո թեմային նվիրված և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող արձակ և չափածո ստեղծագործություններ:
 

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը, ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, դասախոսներ, հյուրեր:

ԵԼՀ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ հատկանշական առիթ է ընթերցողի սեղանին նմանատիպ հետաքրքիր, ինքնատիպ փոքրիկ գիրք ունենալը. «Այս գրքի հեղինակը տակավին երիտասարդ, հադրութցի մեր ուսանողուհին է, որի լուրջ և ուշիմ մարդ լինելը գիրքն ընթերցելիս պարզ է դառնում»:

 

Նա ուրախությամբ փաստեց, որ այժմ մենք ունենք Աննա Հակոբյան երիտասարդ և հեռանկարային հեղինակ, որն իր առաջին քայլերն է կատարում գրականության ոլորտում, միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ գրքի թեմաներն Արցախյան 44-օրյա պատերազմի, կորուսյալ հայրենիքի և կարոտի մասին են:

«Աննա Հակոբյանն իրեն բնորոշ գեղեցիկ հնարքներով նկարագրում է իր հայրենի Հադրութը: Ինքս առանձնահատուկ տպավորվել եմ գրքի մեջ տեղ գտած «Պատերազմ» պատմվածքից»,-ասաց Գևորգ Բարսեղյանը՝ ընթերցելով մի հատված այդ պատմվածքից:

Նա կոչ արեց երիտասարդ և շնորհալի հեղինակին շարունակելու ստեղծագործել նույն ոգով՝ ամուր պահելով ստեղծագործական ջիղը. «Գովերգի՛ր քո սիրելի Արցախը, Հադրութը, որտեղ մենք էլի վերադառնալու ենք»:

Այնուհետև գրքի մասին ներկաներին պատմեց հենց հեղինակը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով, որ 2 ամսվա ընթացքում հավաքել և ի մի է բերել գրքում տեղ գտած բանաստեղծություններն ու պատմվածքները. «Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում զետեղված են սիրո մասին իմ բանաստեղծությունները, երկրորդում տեղ են գտել պատերազմի վերաբերյալ գործերս, պատմվածքներ իմ հուշերի, Հադրութի տան, այգու, բակի մասին»: 

 

Նա նաև մանրամասնեց, որ գիրքը նվիրված է իր կյանքի ընկերոջը՝ Նիկոլայ Չակմազյանին, որը,  մասնակցելով 44-օրյա պատերազմին, բարեբախտաբար ողջ և առողջ վերադարձել է տուն, և մի բանաստեղծություն նվիրված է դասընկերոջը՝ Միքայել Մուրադյանին, որը, ցավոք սրտի, զոհվել է: 

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը շեշտեց պատմական հիշողություն ունեցող սերնդի կարևորությունը և փաստեց, որ թղթին վստահված հիշողությունների շնորհիվ կարելի է ոչ միայն հայրենիքը փրկել պատմական դառնալուց, այլև պահանջատեր լինել:

 

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ մատնանշեց, որ բոլորիս պարտքը Եռաբլրում հանգչող մեր հերոսների առջև պետք է լինի նրանց գործը շարունակելն ու արժանի հետնորդ լինելը:

 

Գրքի շնորհանդեսի կապակցությամբ Աննա Հակոբյանին շնորհավորեցին նաև ամբիոնի դասախոսներ ու ընկերներ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում: