22.10.2021 | 
«ՎՍՏԱՀԻ՛Ր ԻՆՁ» ՖԻԼՄԻ ԲԱՑԱՌԻԿ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹԱՅՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՎՍՏԱՀԻ՛Ր ԻՆՁ» ՖԻԼՄԻ ԲԱՑԱՌԻԿ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹԱՅՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցության շնորհիվ այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ, որից հետո ուսանողներն առաջին անգամ բացառիկ իրավունքով հնարավորություն ունեցան դիտելու «Վստահի՛ր ինձ» («Trust me») վավերագրական ֆիլմը, որը մեդիագրագետ լինելու անհրաժեշտության և ապատեղեկատվության վատ հետևանքների մասին է։

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը, ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը, ողջունելով ներկաներին, նախ խոսեց ընտրված թեմայի արդիականության մասին, ապա անդրադարձավ քննադատական մտածողությանը, մեդիագրագիտության և ապատեղեկատվության մասին իր փորձառությանը:

 

Վերջինս նկատեց, որ երբ մենք որևէ տեղեկություն ենք տարածում, այն ազդում է և՛ մեր՝ տարածողներիս, և՛ այդ տեղեկությունը ստացողների վարքի վրա:

«Տեղեկությունը վերլուծելիս հարկ է անդրադառնալ երկու կարևոր հարցի՝ ով է այդ տեղեկությունը տարածում, այսինքն՝ վստահե՞լի է աղբյուրը, թե՞ ոչ, և ինչի մասին է խոսում»,-ասաց Տիրայր Մուրադյանը:

Նա խոսեց իր լրագրողական գործունեության ընթացքում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին՝ ցույց տալով, թե ինչպես պետք է արձագանքել այն ապատեղեկատվությանը, որը հաճախ տեղ է գտնում մեր լրատվադաշտում:

Նրա խոսքով, տարածվող տեղեկությանը հենց նույն պահին չարձագանքելն ու քննադատական մոտեցում ցուցաբերելը թույլ կտան մարդկանց ավելի գրագետ օգտվել համացանցից և ունենալ հավաստի տեղեկություն այս կամ այն իրադարձության վերաբերյալ:

«Վստահի՛ր ինձ» վավերագրական ֆիլմի հայերեն ենթագրերի թարգմանիչ Իշխան Դադյանն էլ առանձնահատուկ շեշտեց այն կապը, որն առկա է մեդիայի և թարգմանության ոլորտների միջև:

 

Իշխան Դադյանը նշեց, որ թարգմանիչը նույնպես ամենայն պատասխանատվությամբ է ընտրում այն աղբյուրները, որոնք պետք է օգտագործի գիրքը կամ տվյալ ֆիլմը թարգմանելու համար. ««Վստահի՛ր ինձ» ֆիլմն անգլերենից հայերեն թարգմանելիս ես ոչ միայն մանրակրկիտ ընտրել եմ իմ բառարանային աղբյուրները, այլև զրուցել եմ տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ ֆիլմում տեղ գտած արտահայտություններն ու եզրույթները հնարավորինս հստակ և ճիշտ թարգմանելու համար»:

Հարկ է նշել, որ «Վստահի՛ր ինձ» վավերագրական ֆիլմում ներկայացվում են դեպքեր, որոնք ի ցույց են դնում ապատեղեկատվության ազդեցության հետևանքները հանրային կարծիքի ձևավորման և վարքագծի փոփոխման վրա։

 

Մեզ հետ զրույցում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը նախ կարևորեց մեդիադաշտի ներգրավումը թարգմանության ոլորտ  և տեղեկացրեց, որ մոտակա ժամանակահատվածում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ կազմակերպվելու է ֆիլմի ընդլայնված դիտում և քննարկում. «Հատկապես այս ժամանակահատվածում, երբ ապատեղեկատվությունից մեր հասարակությունն ու  պետությունն  են տուժում, մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք այդ չարիքը հաղթահարելու համար»:

Այնուհետն ամբիոնի վարիչը փաստեց, որ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, մշտապես բաց է նմանօրինակ նախաձեռնությունների ու համագործակցությունների համար, քանի որ ֆակուլտետում կարևորվում է միջֆակուլտետային համագործակցությունը և մեդիագրագետ հասարակությունն ունենալու անհրաժեշտությունը: