09.07.2021 | 
«ՈՒՂԵՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՈՒՂԵՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ
Ալեք Պողոսյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, այժմ իր գործունեությունը ծավալում է Օքսֆորդի համալսարանում՝ ղեկավարելով մի շարք գիտական նախագծեր:

Պարոն Պողոսյանի հետ զրուցել ենք Պարկինսոնյան հիվանդության բուժման արդիական մեթոդների, նրա ծավալած գիտական գործունեության և չիպավորման մասին:

 

- Պարո՛ն Պողոսյան, Պարկինսոնյան հիվանդության զարգացման դեպքում ինչպիսի՞ ախտանիշներ են ի հայտ գալիս:

 

- Խոսելով Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանիշների մասին՝ հարկ է նշել, որ դրանք երեքն են՝ մարմնի որոշակի մասերի ակամա ցնցում (ցնցում), շարժումների դանդաղում, փայտացած և ոչ ճկուն մկաններ:

 

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող անձը կարող է ունենալ նաև ֆիզիկական և հոգեբանական այլ ախտանիշներ՝ դեպրեսիա և անհանգստություն, հավասարակշռության խնդիրներ (սա կարող է մեծացնել ընկնելու հավանականությունը), հոտառության կորուստ (անոսմիա), քնելու խնդիրներ (անքնություն), հիշողության խնդիրներ, խոսքի փոփոխություններ՝ հիվանդը կարող է դանդաղ կամ արագ խոսել, մտքից շեղվել կամ տատանվել:

Խոսքը դառնում է միօրինակ, ի հայտ են գալիս գրելու ունակության փոփոխություններ. գրելը կարող է դժվարությամբ տրվել, ինչպես նաև կարող է փոքր թվալ:

- Ինչպիսի՞ տարիքային միջակայք ունի այս հիվանդությունը:

- Այն հիմնականում սկսվում է միջին կամ ծեր հասակում, և տարիքի հետ՝ սովորաբար 60-65 տարեկանից հետո, Պարկինսոնյան հիվանդություն ունենալու հավանականությունը մեծանում է: Երիտասարդները հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ, բայց լինում են դեպքեր, երբ 40-45-ամյա տակավին երիտասարդ մարդկանց մոտ ախտորոշվում է Պարկինսոնի հիվանդությունը:

- Ի՞նչ դեր ունի այս հիվանդության առաջացման հարցում ժառանգականության գործոնը:

- Կարող ենք փաստել, որ Պարկինսոնի հիվանդությամբ մերձավոր ազգական ունենալը մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը: Սակայն ձեր հիվանդանալու  ռիսկերը դեռ փոքր են, քանի ընտանիքի շատ անդամներ և հարազատներ չունեն այս հիվանդությունը:

Բացի ժառանգականությունից և տարիքից՝ Պարկինսոնի հիվանդության առաջացման գործոններից է նաև մարդու սեռը:

Հետաքրքիր է, որ տղամարդկանց պարագայում այս հիվանդության զարգացումն ավելի հավանական է, քան կանանց:

Թունավոր նյութերի շարունակական ազդեցությունը ևս կարող է դանդաղորեն բարձրացնել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը:

Հիվանդության առաջացման պատճառն այն է, որ ուղեղի կենտրոնական մասում գտնվող բազալ գանգլիայում (Basal ganglia) կան բջիջներ, որոնք արտադրում են դոֆամին, որն ավելի շատ  հայտնի է որպես երջանկության հորմոն, մինչդեռ դոֆամինն ամենից առաջ պատասխանատու է շարժողական համակարգի համար:

 

Դեռևս գիտականորեն չսահմանելի պատճառներից ելնելով՝ դոֆամին արտադրող բջիջները սկսում են մահանալ:

 

Հաճախ ասում են, որ այս հիվանդությունը կարող է զարգանալ ֆուտբոլիստների կամ բռնցքամարտիկների մոտ, որոնք հաճախ են գլխին հարվածներ ստանում:

Ամեն դեպքում, Պարկինսոնի հիվանդությունից որևէ մեկն ապահովագրված չէ:

- Եթե ամփոփենք զրույցի այս հատվածը, ապա Պարկինսոնյան հիվանդության բուժման ի՞նչ մեթոդներ գոյություն ունեն:

- Ցավոք սրտի, հիվանդության բուժման արդյունավետ մեխանիզմ դեռ գոյություն չունի, և հիվանդները չեն կարող ամբողջապես առողջանալ, սակայն այսպես կոչված աջակցող բուժումներն (supporting treatment) օգնում են նվազեցնել հիվանդության հիմնական ախտանիշները և պահպանել կյանքի որակը հնարավորինս երկար:

Դրանք ներառում են օժանդակ (ֆիզիոթերապիա և օկուպացիոն թերապիա) և դեղորայքային բուժումներ, որոշ դեպքերում՝ ուղեղի վիրահատություն:

Այդ թերապիաներից մեկն այսպես կոչված «Dopamine replacement therapy»-ն է (DRT), որի ընթացքում հիվանդին տալիս են հատուկ հաբեր, որը հետո վերածվում է դոֆամինի, ինչն էլ թեթևացնում է հիվանդի վիճակը:

Նմանատիպ բուժումները դոֆամինի անալոգներն են և համարվում են սիմպտոմատիկ բուժում, այսինքն՝ օգնում են հիվանդին հաղթահարել հիվանդության ախտանիշները:

Եթե հիվանդն ունի ցնցումներ կամ հազիվ է քայլում, ապա համապատասխան ներարկումից հետո նա դառնում է միանգամայն նորմալ մարդ:

 

Պարկինսոնյան հիվանդության ախտանիշները շատ վատն են՝ շարժման խնդիրներ, աշխատել չկարողանալու ունակություն: Հենց այս հիվանդությամբ տառապողները դոֆամին են ստանում, միանգամայն նորմալ մարդկանց նման են դառնում, բայց ժամանակավոր. բավական է դոֆամինի չափաբաժինը նվազի, նրանք կրկին նույն հիվանդն են:  

Վատ նորությունն այն է, որ հնարավոր չէ կանխել հիվանդության զարգացումը: Այն իր սև գործն անում է, և գալիս է մի պահ, երբ հիվանդն այլևս չի կարողանում ընդհանրապես քայլել, որին զուգահեռ սովորաբար զարգանում են նաև հոգեբանական խնդիրները:

- Անդրադառնալով Ձեր գործունեությանը՝ կպատմե՞ք, թե գիտական ինչպիսի ծրագրերի վրա եք այս պահին աշխատում:

- Արդեն 30 տարի զբաղվում եմ նյարդաբանական գիտությամբ: Երբ Սանկտ Պետերբուրգում էի, զբաղվում էի էլեկտրաուղեղագրությամբ:

Այդ ժամանակ մենք փորձում էինք պարզել, թե էլեկտրաուղեղագրությունը տարիքի ընթացքում (նորածին, երեխա, դեռահաս, երիտասարդ, միջին տարիք, ծեր) ինչպես է փոխվում:

Հիմա գիտության մեջ նորաձև է դարձել էլեկտրաուղեղագրությամբ որոշել, թե մարդն ինչով է զբաղված: Խոսքն այսպես կոչված «mind-reading» տեխնոլոգիայի մասին է. ենթադրենք՝ ես ուզում եմ փոխել հեռուստաալիքը, կարելի՞ է արդյոք այդ մտադրությունը կարդալ էլեկտրաուղեղագրությամբ:

Պատասխանն է՝ այո, կարելի է:

Մենք արդեն խոսեցինք «Dopamine replacement therapy»-ի մասին, որի կողմնակի արդյունքները բավականին շատ են, և երբ հիվանդությունը զարգացել ու խորացել է, ապա «Dopamine replacement therapy»-ի ավելի փոքր չափաբաժնի հետ կիրառվում է նաև «Deep brain stimulation»-ը (DBS):

 

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. հիվանդը վիրահատվում է, գլխում տեղադրվում են համապատասխան էլեկտրոդներ, որոնց միջոցով իրականացնում են ստիմուլյացիա:

Մեր լաբորատորիայում մենք փորձում ենք հասկանալ DBS թերապիան և վերլուծել ստիմուլյացիայի տվյալները՝ ճիշտ ստիմուլյացիան ընտրելու և ավելի արդյունավետ ախտանիշային բուժում իրականացնելու համար:

- Եթե խոսենք ապագայի գիտության մասին, իրատեսակա՞ն են արդյոք գլխի փոխպատվաստմանն ուղղված գիտափորձերը:

- Տեսականորեն դա հնարավոր է:

Մի իտալացի բժիշկ՝ Սերջիո Կանավերո անունով, հայտնել է, որ գործարկում է «HEAVEN/AHBR» նախագիծը, որի շրջանակում նախատեսում է կամավոր մասնակիցների շրջանում գլխի փոխպատվաստում իրականացնել։

Կանավերոյի կոչին արձագանքել էր ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը մկանների դիստրոֆիայի պատճառով գամված է հաշմանդամի սայլակին։

Այժմ միջոցներ են փնտրվում վիրահատության համար, որը կարող է անցկացվել Ռուսաստանում:

Համենայն դեպս, ինքս կարծում եմ, որ այս ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հեշտ չէ ողնուղեղն ու գլխուղեղի ցողունն իրար միացնել:

 

- 2020 թ. ամենաշատ տարածված և քննարկվող թեմաներից մեկը չիպավորումն էր: Իհարկե, մենք չենք գնա դավադրությունների տեսության դաշտ, մեզ նախևառաջ հարցի գիտական կողմն է հետաքրքիր՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի՞նչ ռիսկեր է պարունակում:

 

- Ասեմ, որ չիպավորման երևույթը վաղուց կա բժշկության մեջ, այն նոր չէ:

Արդեն տեղյակ եք, որ վերջերս Իլոն Մասկին պատկանող «Neuralink» ընկերությանը հաջողվել է նեյրոիմպլանտ տեղադրել կապիկի ուղեղում, ինչի շնորհիվ նա սկսել է համակարգչային խաղեր խաղալ: Եվ կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու:

Սակայն խնդիրները դեռևս բազմաթիվ են, մասնավորապես այն, որ չիպավորման դեպքում մենք ռիսկեր ունենք այսպես կոչված «hacking»-ի հետ, երբ տեղադրված չիպերը կարող են հարձակման ենթարկվել և շարքից դուրս գալ:

- Ինչպե՞ս հոգ տանել ուղեղի մասին:

- Ինչպես յուրաքանչյուր օրգան, ուղեղը նույնպես հոգատարության և ուշադրության կարիք ունի:

Մտածողության ակտիվությունն այստեղ բանալի բառ է: Եթե գիտնական ես, ցույց տուր առավելագույն գիտական ակտիվություն, հետաքրքրություն և ներգրավվածություն:

 Մտածիր այն մասին, թե, ասենք, տիեզերքն ինչպես է աշխատում:

 Զբաղեցրու միտքդ հետաքրքիր թեմաներով:

Ես իմ փորձից նկատել եմ, որ երբ տարեց մարդիկ շարունակում են որևէ նոր բան սովորել, գրքեր կարդալ կամ նորություններ նայել, այդպես նրանք նպաստում են ուղեղի առողջ գործունեությանը:

Այստեղ կարևոր է հիշել, որ ուղեղը գերծանրաբեռնելը նույնպես խորհուրդ չի տրվում:

 

Անի Պողոսյան