28.09.2010 | 
Մշակույթ
«ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ»-Ը ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԳՐԻՄՈՎ
«ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ»-Ը ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԳՐԻՄՈՎ
Հայաստանյան պրեմիերայից առաջ ուսանողական հանդիստեսին ներկայացվեց «Խճճված զուգահեռներ» կինոնկարը:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում կայացած հանդիպումը միանգամից երկու առիթ ուներ: Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողների զրուցակիցն էր ամերիկյան կինոարտադրության ոլորտում շուրջ երեք տասնամյակ որպես դիմահարդար աշխատած Արմինե Մինասյանը: Ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունը կինոնկարի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Հարություն Գալստյանինն էր: «Խճճված զուգահեռներ»-ը առաջին հայկական միջազգային խոշոր ֆիլմն է: Այն արտադրվել է վեց երկրների ֆինանսավորմամբ: Երկու կանանց ճակատագրերի մասին պատմող ժապավենը էկրան է բարձրացել Մոսկվայում 2009 թ-ին: 18 տարբեր երկրներում շուրջ երկու տարի ձգված փառատոնային շրջագայությունից հետո ֆիլմը «հասել է» Հայաստան. հոկտեմբերի 1-ից այն կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Հարություն Գալստյանը նշում է, որ ուսանողների հետ հանդիպումներն անցկացվում են հանդիսատեսին բազկաթոռից կտրելու, սերիալներից հեռացնելու եւ կինոթատրոն բերելու նպատակով: «Հայաստանյան կողմից ֆիլմը ֆինանսական եւ մեդիա աջակիցներ չունի, ուստի կինոնկարը լայն հանդիսատեսին ներկայացնելու լավագույն ձեւը լոկալ խմբերի հետ հանդիպումն է»,- ասում է ռեժիսորը:

 

ԵՊՀ-ից առաջ նմանատիպ հանդիպումներ անցկացվել են նաեւ այլ բուհերում: Ռեժիսորը վստահեցնում է, որ ուսանողների հետ հանդիպումներից դրական մեծ լիցքեր է ստանում: «Բավական ոգեւորված են արձագանքում: Մի քիչ բարդ, բայց շատ հետաքրքիր հանդիսատես ունենք: Զգում եմ, որ դեռ պետք է հղկվեմ` այդ հանդիսատեսին հարմար ռեժիսոր լինելու համար»: Ուսանողները դիտեցին ֆիլմից հատված, ապա հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու ոչ միայն ռեժիսորին, այլեւ հանդիպմանը ներկա սցենարի համահեղինակ Մարինե Ղազարյանին եւ ֆիլմի կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանին: Ուսանողների հաջորդ հյուրը նույնպես կինոյի աշխարհից էր: Արդեն 30 տարուց ավելի է` Նյու Յորքում ապրող Արմինե Մինասյանը զբաղվում է կինոյի, թատրոնի եւ լուսանկարի դիմահարդարմամբ: Հիմա Արմինեն ավելի շատ ժամանակ տրամադրում է Նյու Յորքի արվեստի համալսարանում դասախոսելուն, սկսել է բանաստեղծություններ գրել:

 

Պարբերաբար Հայաստան եկող Արմինեն այս անգամ հատուկ նպատակով է եկել: «1988 թ-ի երկրաշարժից հետո ԱՄՆ էին տեղափոխել մի անդամալույծ աղջկա: Մենք ընկերացանք: Հիմա նա կենսագրական մի փոքրիկ պատմություն է գրել, որը ես թարգմանել եմ եւ ուզում եմ տպագրել հայերեն-անգլերեն տարբերակով: Դա մի տխուր, բայց եւ լավատեսություն ներշնչող հրաշալի պատմություն է, որը ներկայացնում է ոչ միայն այդ աղջկա, այլեւ նրա բախտին արժանացած շատ շատերի կյանքը, մարդկանց, ովքեր աշխարհը տեսնում են միայն պատուհանից»,- ասում է Արմինե Մինասյանը: «Նոր օր է. կամքի ուժը սահման չունի» վերնագրով գրքույկը գրեթե պատրաստ է տպագրության: Գրականությանը սիրահարված դիմահարդարը վաղը կմեկնի Սպիտակ` գրքի հեղինակի հետ վերջին մանրամասները ճշտելու:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը: