Գիտության մեջ առաջին քայլերն սկսելով ԵՊՀ-ից՝ Մուշեղն այնուհետև հնարավորություն է ունեցել ասպիրանտական կրթություն ստանալու նաև Բորդո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում:
Հետաքրքիր է, որ ԵՊՀ-ում ստանալով տեսական կարևոր գիտելիքներ, ապա Բորդոյի համալսարանում կատարելով փորձարարական հետազոտություններ՝ Մուշեղը դեռ երկմտանքի մեջ է եղել՝ ի՞նչ ուղղությամբ շարունակել գործունեությունը:
Ասում է՝ մինչև 2018 թվականը չի պատկերացրել, որ ընդամենը 2 տարի անց հիմնելու է լաբորատորիա և նպաստելու է գիտության զարգացմանը՝ հընթացս շարունակելով ստանալ համընդգրկուն գիտելիքներ օպտիկայի վերաբերյալ: Սրան նպաստել է նաև նույն թվականին որպես հետդոկտորական գիտաշխատող Ֆրանսիայի Կաստլեր Բրոսելի լաբորատորիա ընդունվելը:
Չնայած Եվրոպայում կանխատեսելի մեծ հաջողություններին ու հեռանկարներին՝ Մուշեղը նպատակադրված վերադարձել է Հայաստան՝ այստեղ գիտությամբ զբաղվելու, միևնույն ժամանակ՝ նպաստելու օպտիկայի զարգացմանը:
Դժվարություններ, մարտահրավերներ, դրանց հաղթահարմանն ուղղված համառություն ու ինքնամոռաց նվիրում գիտությանը, կամ պարզապես վերադարձ հարազատ գիտական արմատներին….
Լաբորատորիայի հիմնումն այնքան էլ հեշտ գործընթաց չէր. երեք անգամ դիմելուց հետո միայն Մուշեղին հաջողվել է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի՝ գիտական խմբերի ամրապնդման և նոր լաբորատորիաներ հիմնելու դրամաշնորհը․ Ֆրանսիայից վերադառնալով՝ Մուշեղը նպատակադրվել էր ԵՊՀ-ում ստեղծել կարևորագույն բարդ խնդիրներ լուծող լաբորատորիա։
«Մինչ լաբորատորիայի հիմնումն անհրաժեշտ էր հետազոտական թիմ ձևավորել, ենթակառուցվածք ստեղծել և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով: Այսօր, երբ այդ խնդիրները լուծվել են, ի սկզբանե առցանց ձևաչափով աշխատող թիմը սահմանել է գիտական խնդիրներ, որոնք լուծման առավել երկար ժամկետ են պահանջում»,- պատմում է Մուշեղը՝ վերհիշելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցածը:
Անդրադառնալով լաբորատորիայի գլխավոր նպատակներին՝ գիտնականը նշում է, որ խմբի հիմնարար հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են ֆոտոնային բարդ համակարգերում լույս-նյութ փոխազդեցության վրա: Լաբորատորիայում կատարվող հետազոտությունների նպատակը գերժամանակակից օպտիկական հաշվողական տեխնոլոգիաների օգնությամբ բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով նկարահանման աննախադեպ արդյունավետության հասնելն է: Ռաֆայելյանը որպես բարդ համակարգի օրինակ մատնանշում է մառախուղի ժամանակ օբյեկտից անդրադարձած ցրված պատկերի վերականգնումը, բայց «դա պարզվում է, եթե լավ գիտես ֆիզիկա և կարողանում ես միջավայրի օբյեկտի ցրված լույսի միջից վերականգնել պատկերը»:
Լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններից է լինելու նաև ֆոտոնիկ համակարգերի ստեղծումը, որոնք կարողանալու են լուծել արհեստական բանականության խնդիրները: Այլ կերպ ասած՝ ֆոտոնիկան զարգացնելու է արհեստական բանականությունը, իսկ արհեստական բանականությունն օգտագործվելու է ֆոտոնիկայի խնդիրները լուծելու համար:
Հետաքրքիր է, որ խմբում ներգրավված են նաև ուսանողներ, որոնք հնարավորություն ունեն դեռ ուսանողական տարիներից ակտիվորեն մասնակցելու գիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ռաֆայելյանի կարծիքով՝ ֆիզիկայի հանդեպ սերը պետք է ձևավորվի դպրոցական տարիներից՝ ներկայացնելով այն իր ամբողջ գրավչությամբ ու ընձեռած հնարավորություններով: Ասում է՝ ֆակուլտետն այս հարցում ևս նախաձեռնող է. ՀՀ մարզերի և Երևանի տարբեր դպրոցների սովորողներ պարբերաբար այցելում են ֆակուլտետ, հետևում այնտեղ կատարվող աշխատանքներին:
Ռաֆայելյանի համոզմամբ Հայաստանում գիտությամբ զբաղվելու մեծ հնարավորություններ կան, և ԵՊՀ-ն իր գործունեությամբ միտված է խթանելու գիտության բնագավառի զարգացումը:
Ամփոփելով խոսքը՝ ԵՊՀ գիտնականը նշում է․ «Կրթական հաստատությունները պետք է ձգտեն ստեղծելու գիտության տարբեր ոլորտների լաբորատորիաներ, որոնք ոլորտով հետաքրքրվածների համար կդառնան իրենց տեսլականի իրագործման միջավայր: Այսօր ԵՊՀ-ն այդ ուղղությամբ լավագույնս իրագործում է անհրաժեշտ քայլերը…»։
Մարինե Մկրտչյան