18.09.2019 | 
Հասարակություն
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով:

«Գրքասեր» հասարակական կազմակերպության http://grqaser.org/am կայքում հայերեն գրքերի էլեկտրոնային և աուդիո տարբերակները հասանելի են անվճար: Այստեղ կարելի է գտնել ամենատարբեր ժանրերի ու ճաշակի ավելի քան 500 էլեկտրոնային գրքեր և աուդիոգրքեր՝ Նար-Դոս, Ջորջ Օրուել, Վիլյամ Սարոյան, Ակուտագավա Ռյունոսկե, Չարլզ Դիքենս և այլն: «Գրքասերի» հետ համագործակցում են հանրածանոթ մարդիկ, կայքում կան նաև արևմտահայերենով պատմվածքների ձայնագրություններ:

 Ձեզ ենք ներկայացնում բարձր որակով աուդիոգրքեր փնտրելու և ներբեռնելու լավագույն հավելվածները, որոնք կօգնեն առանց տնից դուրս գալու ստեղծել սեփական գրադարանը:

1.«Audible»: «Audible»-ն առաջարկում է աուդիոգրքերի անզուգական և հսկայական ընտրություն: Առաջարկվում են տասնյակ հազարավոր գրքեր՝ ներառյալ բազմաթիվ բացառիկ հրատարակություններ: Եթե ընթերցողը գիրք է ընտրել, ապա որոշել փոխել այն, կարող է անվճար փոխանակել մեկ ուրիշի հետ: Աուդիոգրքերը կարելի է լսել «Windows Phone», «iOS» և «Android» սարքերի, «Windows» համակարգիչների և «macOS»-ի ու «Amazon Alexa»-ի ցանկացած սարքի միջոցով:

2. «Google Audiobooks»: «Audiobook»-ը «Google Play Store»-ի վերջին հավելումն է: Նոր ծառայությունն «Audible»-ի մրցակիցն է, քանի որ այն հնարավորություն է տալիս առանց բաժանորդագրման ներբեռնելու հազարավոր գրքեր, ներառյալ շատ բեսթսելերներ, բայց ընտրությունը դեռ այնքան լայն չէ, որքան «Audible»-ինը:

Հավելվածի շնորհիվ գրքերը կարելի է լսել գրեթե ցանկացած սարքով: Կան ծրագրեր «iOS»-ի և «Android»-ի համար, ստեղծվել է վեբ հավելված: Աուդիոգրքերի համար կա նաև ձայնային հսկողության հնարավորություն (օրինակ՝ կարելի է խնդրել, որ որոշ ժամանակ անց դադարեցվի ընթերցումը):

 

3. «Kobo Audiobooks»-ն ավելի մատչելի, սակայն պակաս ծավալուն մրցակից է «Audible»-ի համար:

«Kobo» հավելվածն «Audible»-ի դեմ մրցակցության մեջ է մտել իր սեփական աուդիոգրքերի ծառայության շնորհիվ, որը գործարկել է 2017 թ. վերջին: Գրքերի ընտրությունն այնքան մեծ չէ, որքան «Audible»-ինը, բայց հնարավոր է գտնել ամենատարածված գրքերի մեծ մասը:

 

4. «LibriVox»-ն ավելի քան 24.000 անվճար աուդիոգիրք է պարունակում. ի տարբերություն «Audible»-ի՝ այն ամբողջովին անվճար է: Իհարկե, այստեղ հնարավոր չէ ներբեռնել վերջին բեսթսելերները, սակայն հնարավոր է գտնել համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունները: Ի տարբերություն «Audible»-ի, որի աուդիո գրքերը հաճախ ընթերցվում են հայտնիների կամ հեղինակների կողմից, «Librivox»-ի աուդիոգրքերն ընթերցվում են ամբողջ աշխարհի կամավորների կողմից:

 

5. «Downpour»: Ֆանտաստիկ գրականության սիրահարները կարող են ներբեռնել հենց այս հավելվածը: Այն ունի ֆանտաստիկ ժանրի գրքերի հրաշալի ընտրանի: Նախքան աուդիոգիրքը գնելը հնարավոր է կարճ՝ 30-60 վայրկյան տևողությամբ գրքին ծանոթացնող պատմություն լսել:

 

Ձեզ ենք ներկայացնում 2018 թ. ամենաշատ լսվող 10 աուդիոգրքերը՝ ըստ www.storytel.com կայքի.

  1. «Սապիենս: Մարդկության համառոտ պատմությունը», Յուվալ Նոյ Հարարի
  2. «Ատլանտը թոթվեց ուսերը», Այն Ռենդ
  3. «Թքած ունենալու նուրբ արվեստը», Մարկ Մենսոն
  4. «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Ռոբերտ Կիյոսակի
  5. «Շանթարամ», Գրեգորի Դևիդ Ռոբերթս
  6. «Կրեմլի ողջ շքախումբը. ժամանակակից Ռուսաստանի համառոտ պատմությունը», Միխայիլ Զիգար
  7. «Փոխզիջում», Սերգեյ Դովլաթով
  8. «Կորցնելով անմեղությունը», Ռիչարդ Բրենսոն
  9. «Կայսրությունը պետք է մահանա», Միխայիլ Զիգար
  10. «Քո ամուսնու հետ անկողնում: Սիրուհու գրառումները: Կինը պետք է կարդա», Նիկա Նաբոկովա

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

 

 

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: